Առաջիկայում, հնարավոր է, Հայաստանում էժանանան տավարի միսն ու հացը: Այդ մասին այսօր` օգոստոսի 19-ին լրագրողներին ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Ներքին շուկայում տավարի մսի թանկացումը Ս. Կարապետյանը բացատրեց ինչպես միջազգային շուկայում թանկացումներով, այնպես էլ այն հանգամանքով, որ ներկայում հիմնական անասնագլխաքանակը գտնվում է սարերում: Քանի որ սարերից մինչեւ սպառողին միս հասցնելը ավելորդ ծախսեր է պահանջում, գյուղացիներն այդ ծախսերը ներառում են գնի մեջ: Ս. Կարապետյանը հիշեցրեց, որ միջազգային շուկայում միսը վերջին 6-7 ամիսների ընթացքում թանկացել է 15-20 տոկոսով, իսկ հարեւան Վրաստանում` նույնիսկ 25 տոկոսով: Հայաստանում թանկացումն ընդամենը 9-10 տոկոս է, իսկ խոզի մսի եւ ոչխարի մսի գծով առկա է նույնիսկ էժանացում:
Ինչ վերաբերում է հացին, ապա Ս. Կարապետյանն ասաց, որ իրոք միջազգային շուկայում ցորենն էժանացել է 15-20 տոկոսով: Սակայն մեզ մոտ հացի գնի իջեցում դեռ չի զգացվում, քանի որ նախկինում մեծ քանակությամբ ցորեն է ներկրվել թանկ գներով, ուստի հացարտադրողների մոտ դեռեւս նախկին պաշարները չեն սպառվել:
Ս. Կարապետյանը նշեց, որ այս տարի Հայաստանում ցորենի լավ բերք է ստացվել` մոտ 215 հազար տոննա, նախորդ տարվա 183 հազար տոննայի համեմատ, ավելացել է նաեւ միջին բերքատվությունը: Ալրաղացները գյուղացուց ցորենը մթերում են կգ-ը 110-130 դրամով:




























