Կրպակատերերի շարժման կազմկոմիտեի անդամները «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ միասին այսօր` օգոստոսի 19-ին Երեւանի քաղաքապետարան են հանձնել 52 նամակ, որոնք հասցեագրված են ավագանու բոլոր անդամներին:
Նրանք Երեւանի ավագանու անդամներից պահանջում են. 1. Երեւան քաղաքի վարչական շրջանների կրպակների ապամոնտաժման հարցը քննարկելու նպատակով հանդես գալ Երեւան քաղաքի ավագանու արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ, 2. որպես արտահերթ նիստի օրակարգի հարց ընդգրկել հողի վարձակալության պայմանագրերը երկարացնելու եւ կրպակների փաստաթղթերը լիարժեք դարձնելու հարցերը, 3. դադարեցնել ապամոնտաժման գործընթացը, 4. ապահովել ավագանու արտահերթ նիստում իրենց ներկայացուցիչների մասնակցությունը եւ զեկույցի ներառումը:




























