«Խղճի եւ կրոնի ազատության մասին» օրինագծի մշակման ժամանակ ի գիտություն են ընդունվել Սահմանադրության բոլոր կետերը, ինչպես նաեւ Հայաստանի միջազգային պարտավորությունները։ Օգոստոսի 19-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը։
«Չեմ կարծում, որ օրինագիծը միանշանակորեն կարժանանան Վենետիկի հանձնաժողովի բացասական եզրակացությանը, սակայն չի բացառվում, որ առանձին կետերի շուրջ բացասական եզրակացություններ լինեն»,- նկատեց Մուրադյանը։
Նրա խոսքով, չնայած, որ ինքը տվյալ օրինագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավարն է, կարծում է, որ օրինագիծը հաջողված է։ Մուրադյանը նաեւ նշեց, որ լավատեսորեն է տրամադրված եւ կարծում է, որ Ազգային ժողովը այս օրինագծին դեմ քվեարկելու պատճառներ չունի։
Պատասխանելով հարցին, թե համաձայն նոր օրինագծի, ո՞վ պետք է իրականացնի կրոնական կազմակերպություների հանդեպ վերահսկողությունը, փոխնախարարը հայտարարեց, որ ինքը կտրականապես դեմ է կրոնական կազմակերպությունների հանդեպ տոտալ վերահսկողությանը, քանի որ դա խորհրդային միջոց է։
Նշենք, որ Հայաստանի արդարադատութան նախարարությունը ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի աջակցությամբ «Խղճի եւ կրոնի ազատության մասին» նոր օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու առիթով հասարակական քննարկում էր անցկացրել։




























