Ադրբեջանը եղել է, կա եւ կլինի ոչ ժողովրդավարական պետություն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասյ մասին հայտարարեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով պաշտոնական Բաքվի հրաժարումը՝ ԵԽԽՎ-ի գերմանացի պատգամավոր Քրիշտոֆ Շտրասերին, որպես Ադրբեջանում քաղբանտարկյալների ԵԽԽՎ զեկուցողի, մուտքի արտոնագիր տրամադրելու փաստը։

«Սա նորություն չէ։ Արժե հիշել Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի զեկուցող Անդրեաս Գրոսսի հետ կապված պատմությունը։ Նրա հետ ինչ ասես՝ չարեցին. ամեն կերպ խանգարում էին աշխատել, ձգտում զրկել հավատարմագրությունից,  ամեն ինչում սահմանափակել, չթողնել հանդիպել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,- հիշեցրեց Զոհրաբյանը։

Նշենք, որ Անդրեաս Գրոսսն ավելի ուշ ինքնակամ հրաժարվել էր Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի զեկուցողի իր պաշտոնից եւ այլ պաշտոն զբաղեցրել։

Նաիրա Զոհրաբյանը այս համատեքստում հիշեցրեց Ադրբեջանի կողմից Ջուղայի խաչքարերի ոչնչացումը եւ այն փաստը որ 2006 թվականի մայիսի 30-ին Ադրբեջանը Եվրոպական խորհրդարանի հանձնաժողովին պաշտոնապես արգելեց դիտել նախկին գերեզմանոցը։

Զոհրաբյանն ընդգծեց, որ Ադրբեջանն այսօր էլ շարունակում է այդ քաղաքականությունը, եւ դա զարմանալի չէ։ «Ինձ այլ բան է զարմացնում՝ ԵԽԽՎ, ԵՄ, ողջ միջազգային հանրության համբերատարությունը Բաքվի նման պահվածքի նկատմամբ»,- ասաց նա։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, գերմանացի պատգամավոր Քրիշտոֆ Շտրասերին Ադրբեջան մուտքի արտոնագիր չէին տրամադրել։ Պատճառն այն է, որ նա Բաքու ցանկանում է այցելել որպես Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցերով ԵԽԽՎ զեկուցող։