Չնայած Հայաստանում 2009 թվականը ճգնաժամային էր համարվում, իսկ 2010 թվականը` արդեն հետճգնաժամային, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած պաշտոնական տվյալները բոլորովին այլ պատկեր են ցույց տալիս:
Ըստ ԱՎԾ-ի «Պարենային ապահովություն եւ աղքատություն» զեկույցի, վերջին երկու տարիներին Հայաստանում 12 հիմնական պարենամթերքներից 11-ի դեպքում սպառումը մեկ շնչի հաշվով զգալիորեն նվազել է: Այսպես. Հացամթերքի սպառումը 2010-ին 2009-ի համեմատ նվազել է 4.6 կգ-ով, կարտոֆիլինը` 0.5 կգ-ով, բանջարեղենինը` 4 կգ-ով, մրգինը` 3 կգ-ով, շաքարինը` 0.8 կգ-ով, բուսակայն յուղինը` 0.3 կիտրով, մսինը` 2.2 կգ-ով, պանրինը` 1.2 կգ-ով, կաթ-մածունինը` 0.4 կգ-ով, կարագինը` 0.4 կգ-ով, ձկնեղենինը` 0.1 կգ-ով: Ավելացել է միայն ձվի սպառումը` 7 հատով:
Այլ կերպ ասած, նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն, հայաստանցիները 2010-ին ավելի քիչ են սնվել, քան ճգնաժամային համարվող 2009-ին: Ուշագրավն այն է, որ նույն այդ պաշտոնական վիճակագրությունը 2010-ին արձանագրել էր, որ Հայաստանում տնտեսական աճ է եղել` 2.6 տոկոս: Աշխարհում դժվար է գտնել մեկ այլ երկիր, որտեղ արձանագրվում է տնտեսական աճ, բայց մարդիկ ավելի քիչ են սնվում:




























