2011թ. 2-րդ եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ ցորենի ներմուծման ծավալը նվազել է 36.2 տոկոսով եւ կազմել 57.9 հազ տոննա: Այդ մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Նշենք, որ տարեկան կտրվածքով Հայաստանը ներկրում է 300-400 հազ. տոննա ցորեն (2010 թ.` 360 հազ. տոննա):
2011 թ. երկրորդ եռամսյակում ցորենի ներկրման ծավալների կրճատումը հավանաբար հետեւանք է ցորենի բարձր բերքի սպասումներով, ինչպես Հայաստանում, այնպես էլ հիմնական մատակարար երկրներում (Ռուսաստան, Ուկրաինա): Այդ սպասումներն արդարացել են` ցորենի միջազգային գնի անկման հետեւանքով ավելի ձեռնտու է խոշոր ներկրումներն իրականացնել օգոստոսին: Այդ ամսին հարավային Ռուսաստանի ագրարային շրջաններում ցորեն կարելի է ձեռք բերել շատ էժան գներով, քանի որ բարձր բերքի դեպքում ցորենի պահուստավորման խնդիր է առաջանում:
Հայաստանում, ըստ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի տվյալների, այս տարի ցորենի բերքը Հայաստանում կկազմի մոտ 215 հազ. տոննա: Սա վերջին 10 տարում երրորդ լավագույն ցուցանիշն է, իսկ ռեկորդը գրանցվել է 2007 թ.` 254 հազ.տոննա:



























