Սննդի անվտանգության պետական ծառայությունը  Yerevan City սուպերմարկետների ցանցում իրականացվելիք մշտադիտարկման շրջանակներում ուսումնասիրելու է նաեւ  Կոմիտասի պողոտայի 60/2 հասցեում գտնվող Yerevan City սուպերմարկետի հարակից շենքի բնակիչների բողոք-պահանջը` կապված սուպերմարկետի օդորակիչ սարքավորման` չիլլերի  աշխատանքի հետ: Այս մասին այսօր`  օգոստոսի 20-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի 60/2 հասցեում գտնվող Yerevan City սուպերմարկետի հարակից շենքի բնակիչները բողոքում են, որ սուպերմարկետի օդորակիչ սարքավորման` չիլլերի  աշխատանքը բավական բարձր ձայն է արձակում եւ դրանով իսկ  խանգարում իրենց հանգիստը: Բնակիչները նշել էին, որ հարցի  լուծման ակնկալիքով դիմել են Երեւանի քաղաքապետարան` խնդրելով միջամտել եւ Yerevan City սուպերմարկետի տնօրինությանը պարտավորեցնել տեղափոխել չիլլերը, սակայն մինչ օրս հարցը  լուծում չի ստացել: «Կարծում ենք, որ արդյունաբերական նշանակության սարքավորումների տեղադրումը պետք է իրականացվի սահմանված նորմատիվներին համապատասխան, որոնք էլ, իրենց հերթին, պետք է բացառեն բնակելի շենքի բնակիչների իրավունքների ոտնահարումը: Այդ կապակցությամբ մեկ անգամ եւս դիմում ենք Yerevan City սուպերմարկետի ղեկավարությանը եւ քաղաքապետարանին`  խնդրելով  չիլլերը տեղափոխել բնակելի շենքից բավարար հեռավորության վրա»,- նշել էին նրանք իրենց նամակում:

Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ նման բողոքները իրենց վարչություն չի գալիս, բնակիչները նամակները ուղարկում են մեկ պատուհանով եւ համապատասխան ընթացակարգից եւ սահմանված ժամկետից հետո պատասխանը ստանում են մեկ պատուհանից: Իսկ Yerevan City սուպերմարկետների ցանցի լրատվության եւ հասարակայնության հետ կապի բաժնի պետ Դավիթ Մարտիրոսյանը երեկ` օգոստոսի 19-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք նման բողոք չեն ստացել` խնդրելով զանգահարել վաղը, այսինքն այսօր, սակայն հիմա էլ չի պատասխանում զանգերին:

Ի դեպ, կապված Yerevan City սուպերմարկետների ցանցում հայտնաբերված ժամկետանց մանկական շիլայի հետ, Բաբկեն Պիպոյանը նշեց, որ այժմ Yerevan City սուպերմարկետների ցանցում դադարեցվել է մանկական շիլայի վաճառքը:  Իսկ վարչապետի թույլտվությունը ստանալուց հետո կիրականացնեն մշտադիտարկում  Yerevan City-ում, ինչպես նաեւ այլ խանութներում, հասկանալու, թե այնտեղ ինչ կա: Ակնկալվում է` մշտադիտարկումն իրականացնել մեկ շաբաթից կամ տասն օրից: