Սոչիում հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ուկրաինական հացահատիկի խնդրի լուծման հարցում ցուցաբերած օգնության համար։
«Ձեր անմիջական մասնակցությամբ եւ ՄԱԿ-ի քարտուղարի միջնորդությամբ լուծվել է սեւծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի մատակարարման հարցը։ Առաքումն արդեն սկսվել է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ դրա համար եւ այն բանի համար, որ փաթեթային որոշում է կայացվել համաշխարհային շուկաներ մատակարարումների, ինչպես ռուսական պարենի, այնպես էլ ռուսական պարարտանյութերի անխափան մատակարարումների վերաբերյալ»,-ասել է Պուտինը։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ շատ երկրների, հատկապես զարգացող երկրների համար, որոնք կանգնած են սննդի եւ ջրի մատակարարման հետ կապված լուրջ խնդիրների շեմին, դա շատ կարեւոր է։





























