Հայաստանում պարապլանային մարզաձեւի գաղտնիքներին տիրապետելու համար բավական է մոտ 1500 եվրո արժողությամբ թռչող սարք, մի քիչ խիզախություն եւ թռչել սովորելու լրիվ կուրսի համար մոտ 150 եվրո վճարելու պատրաստակամություն ունենալ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի պարապլանային սպորտի ֆեդերացիայի անդամ, այդ մարզաձեւով արդեն 3 տարի զբաղվող Արմեն Սարգսյանը։

Նշելով, որ ֆեդերացիան այնքան էլ բազմամարդ չէ՝ մոտ 40 եւ չունի հովանավորներ, մարզիկը նկատեց, որ վերջին շրջանում պարապլանային  մարզաձեւով զբաղվել ցանկացողների թվի աճ է նկատվում։ «Տարվա ընթացքում 3-4 խումբ մարդկանց ենք թռչել սովորեցնում, սակայն այդ մեծ խումբ մարդկանցից տարեկան 3-4 հոգի են որոշում շարունակել սկսած գործը»,- նկատեց Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ բոլոր ավիասպորտաձեւերի մեջ պարապլանայինը, համեմատած դելտապլանային  եւ պարաշյուտային սպորտաձեւերին, ամենահասանելին է։ Նա միաժամանակ հավելեց, որ Հայաստանի պարաշյուտային եւ դելտապլանային ֆեդերացիաների հետ իրենք որեւէ առնչություն չունեն։

Մարզիկը նաեւ տեղեկացրեց,որ վերջերս է վերադարձել Բուլղարիայում կայացած պարապլանային սպորտաձեւի բավական լուրջ մի մրցույթից, ուր առաջին տեղն է գրավել։ «Մրցույթներ դժվար է ասել, սակայն միջոցառումներ մեր ֆեդերացիան կազմակերպում է նաեւ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում։ Եթե եղանակային լավ պայմաններ են լինում, թռչում ենք ամեն շաբաթ-կիրակի»,- ամփոփեց Արմեն Սարգսյանը

Նշենք, որ պարապլանային սպորտաձեւը աշխարհում ամենաերիտասարդ սպորտաձեւերից մեկն է համարվում եւ ընդամենը 20 տարվա պատմություն ունի։ Պարապլանը առանց շարժիչի թեթեւ թռչող սարք է,որը կշռում է 5-7 կգ եւ շարժվում ժամում առավելագույնը 20-70 կմ/ժ արագությամբ։