Եվրոպական երկրների կառավարությունները մոտ 280 միլիարդ եվրո են հատկացրել տնային տնտեսությունների եւ ձեռնարկությունների համար էներգետիկ ճգնաժամի հետեւանքները մեղմելու նպատակով, գրում է Bloomberg-ը։
Ֆինանսավորումը, որը հաշվարկվել է Բրյուսելում տեղակայված Bruegel վերլուծական կենտրոնի կողմից, չափում է նոր հատկացումները սեպտեմբերից ի վեր եւ ընդգրկում է ամեն ինչ՝ սկսած Հունաստանում փոքր բիզնեսի համար սակագների սուբսիդավորումից մինչեւ Բելգիայի սպառողներին ուղղակի վճարումներ: Գումարի մի մասը դեռ չի ծախսվել։
«Գները բարձր կմնան ողջ ձմռան ընթացքում, եւ կառավարությունները պետք է աշխատեն հաշվի առնելով ամենավատ սցենարը, ենթադրելով, որ դրանք չեն անհետանա նույնիսկ հետո»,- ասել է Bruegel-ի վերլուծաբան Ջովաննի Սգարավատին: «Կառավարությունները պետք է կենտրոնանան էներգիայի պահանջարկի կրճատման վրա այնտեղ, որտեղ դա հնարավոր է»:
Վերջին հինգ տարիների ընթացքում էներգակիրների մեծածախ գներն աճել են ավելի քան 10 անգամ՝ համեմատած սեզոնային միջին գների հետ, քանի որ Ռուսաստանը կրճատել է բնական գազի մատակարարումները Եվրոպա:
Սա ազդում է ամբողջ մայրցամաքի տնտեսական արտադրության վրա, իսկ ծանր արդյունաբերությունը գտնվում է ճնշման տակ: Սպառողները բախվում են կյանքի արժեքի ճգնաժամի, իսկ Մեծ Բրիտանիայի կոմունալ վճարումները կեռապատկվեն:
Կառավարություններին հարված է հասցնում աճող ինֆլյացիան, որը նվազեցնում է կենսամակարդակը: Մեծ Բրիտանիայում ինֆլյացիան կես դարում առաջին անգամ կարող է գերազանցել 18 տոկոսը՝ էներգակիրների գների կտրուկ աճի պատճառով, այս շաբաթ հայտարարել է Citigroup Inc.-ը:
«Եվրոպական քաղաքական գործիչները արձագանքել են էներգակիրների գների աճին հիմնականում գների զսպման լայնածավալ միջոցներով, ներառյալ սուբսիդիաները, հարկերի կրճատումը եւ գների վերահսկումը»,- գրում են ԱՄՀ փորձագետներ Օլյա Սելասունը, Դորա Յակովան եւ Յան Փերրին՝ նշելով, որ այդ միջոցները հետաձգում են էներգիայի խնայողության համար անհրաժեշտ շտկումները։ «Սա էներգակիրների համաշխարհային պահանջարկն ու գները պահում է ավելի բարձր մակարդակում, քան դրանք կարող էին լինել հակառակ դեպքում»:





























