Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Սերբիան եւ Կոսովոն փոխզիջման են հասել ելքի եւ մուտքի փաստաթղթերի բաշխման հարցում, մի հարց, որը նպաստել է երկու երկրների միջեւ սահմանին լարվածության աճին, հաղորդում է բալկանյան RFE ԶԼՄ-ն։

«Մենք համաձայնագիր ունենք»,- գրել է Բորելը Twitter-ում։ «Եվրամիության աջակցությամբ իրականացվող երկխոսության շրջանակներում Սերբիան համաձայնել է վերացնել մուտքի/ելքի փաստաթղթերը Կոսովոյի նույնականացման քարտ ունեցողների համար, իսկ Կոսովոն համաձայնել է չմտցնել դրանք անձը հաստատող սերբական փաստաթուղթ ունեցողների համար»,- ասել է նա:

«Կոսովոյի սերբերը, ինչպես եւ մյուս բոլոր քաղաքացիները, կկարողանան ազատորեն տեղաշարժվել Կոսովոյի եւ Սերբիայի միջեւ՝ օգտագործելով անձը հաստատող իրենց փաստաթղթերը: Եվրամիությունը հենց նոր երաշխիքներ է ստացել այդ կապակցությամբ վարչապետ (Կոսովոյի) Ալբին Կուրտիից։ Սա եվրոպական լուծում է։ Մենք շնորհավորում ենք երկու ղեկավարներին այս որոշման եւ նրանց ղեկավարության համար»,- հավելել է Բորելը:

Կոսովոյի մասամբ ճանաչված հանրապետության շուրջ իրավիճակը հուլիսին է սրվել։ Հակամարտության կատալիզատոր է դարձել Կոսովոյի հյուսիսում ապրող սերբերին Սերբիայում տրված պետհամարանիշները փոխարինելու, ինչպես նաեւ սերբերի փաստաթղթերում Կոսովոյում գտնվելու ընթացքում հատուկ տեղեկանք մտցնելու (ինչպես երկար տարիներ անում է Սերբիան՝ Կոսովոյի բնակիչների հանդեպ) Պրիշտինայի որոշումը։ Օգոստոսի 18-ին Ալեքսանդր Վուչիչը եւ Կոսովոյի առաջնորդ Ալբին Կուրտին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել են Բրյուսելում, որպեսզի քննարկեն իրավիճակի զարգացումը։