Սեպտեմբերի 29-ին Քուվեյթում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, հաղորդում է պետական ​​KUNA գործակալությունը։

Գահաժառանգ արքայազն շեյխ Մեշալ ալ Ահմեդ ալ Սաբահը, ով ստանձնել է իշխող էմիրի պարտականությունների մեծ մասը, հրամանագիր է հրապարակել, որով ընտրողներին կոչ է արել սեպտեմբերի 29-ին ընտրել 50 անդամ ունեցող նոր կազմ: Հրամանագրում նշվում է, որ ընտրատարածքներին կավելացվեն նոր շրջաններ։

Շեյխ Մեշալն այս ամսվա սկզբին ցրել է խորհրդարանը՝ ասելով, որ ներքին քաղաքականությունը կոտրվել է պառակտումների եւ սեփական շահերի պատճառով՝ ի վնաս երկրի:

Նա այդ քայլին գնացել է մեկ տասնյակից ավելի պատգամավորների բողոքից հետո, որոնք պահանջում էին նոր կառավարություն նշանակել:

Նախարարների կաբինետի հետ առճակատումը հետաձգել է 2022/2023 ֆինանսական տարվա պետական ​​բյուջեի եւ տնտեսական այլ բարեփոխումների հաստատումը։ Բյուջեն, որը պետք է հատկացվեր մինչեւ նոյեմբեր, նախատեսում էր 77,2 միլիարդ դոլարի ծախս՝ ի հակադրություն 2021/2022 տարվա բյուջեի 23,48 միլիարդի դիմաց:

Քաղաքական կայունությունը Քուվեյթում ավանդաբար կախված է եղել Պարսից ծոցի տարածաշրջանի ամենակենսունակ օրենսդիր մարմնի՝ կառավարության եւ խորհրդարանի համագործակցությունից: Քուվեյթում արգելված են քաղաքական կուսակցությունները, սակայն օրենսդիր մարմինն ավելի մեծ ազդեցություն ունի, քան Պարսից ծոցի մյուս միապետություններում:

Տասնամյակներ շարունակ Քուվեյթի կառավարության եւ խորհրդարանի միջեւ առկա փակուղիները հաճախ հանգեցրել են կաբինետի վերադասավորումների եւ օրենսդիր մարմնի լուծարման՝ խոչընդոտելով ներդրումներն ու բարեփոխումները: Խորհրդարանը վերջին անգամ ցրվել է 2016 թվականին, հիշեցնում է Reuters լրատվական գործակալությունը։