Աֆղանստանի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար մոլլա Մոհամմադ Յակուբը հայտարարել է, որ Պակիստանն ամերիկյան անօդաչու սարքերին թույլ է տվել օգտագործել իր օդային տարածքն՝ Աֆղանստան ներթափանցելու համար, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Յակուբը Քաբուլում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին ասել է, որ ամերիկյան ԱԹՍ-ները Պակիստանի տարածքով ներթափանցում են Աֆղանստան։
«Մեր տեղեկություններով՝ անօդաչու թռչող սարքերը մտնում են Աֆղանստան Պակիստանի տարածքով, դրանք օգտագործում են Պակիստանի օդային տարածքը, մենք խնդրում ենք Պակիստանին չօգտագործել իր օդային տարածքը մեր դեմ»,- ասել է նա։
Պակիստանի իշխանությունները հերքել են անօդաչու թռչող սարքի հարվածի հետ որեւէ առնչությունը: Հիշեցնենք, որ հուլիսին Քաբուլն օդային հարվածի էր ենթարկվել, որի հետեւանքով սպանվել էր «Ալ-Քաիդա»-ի առաջնորդ Այման ալ Զավահիրին:
Յակուբի մեկնաբանությունները կարող են բարձրացնել լարվածությունը հարեւան երկրների միջեւ, քանի որ աֆղանական թալիբները միջնորդում են Պակիստանի եւ «Թալիբան» խմբավորման գրոհայինների միջեւ բանակցություններում: Աֆղանստանը նաեւ մեծապես կախված է Պակիստանի հետ առեւտրից, քանի որ երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ է:
Թալիբները հայտարարել են, որ իրենք հետաքննում են հուլիսին տեղի ունեցած դեպքը, եւ որ «Ալ-Քաիդա»-ի առաջնորդի մարմինը չի հայտնաբերվել:





























