Իսրայելը 2023 թվականի մարտի 31-ից կարգելի Boeing 747-ի եւ չորս շարժիչով նմանատիպ ինքնաթիռների օգտագործումը՝ աղմուկի մակարդակը եւ օդի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով, հայտնում է Reuters-ը։
Շրջակա միջավայրի բարելավման ավելի լայն պլանի շրջանակներում իշխանություններն արդեն հայտնել են ավիաընկերություններին, որ 2023 թվականի ամառային սեզոնից իրենք չեն կարողանա մեծ ինքնաթիռներ իջեցնել Թել Ավիվի մոտ գտնվող «Բեն Գուրիոն» օդանավակայանում:
Հրահանգը նախատեսված է հիմնականում բեռնատար ինքնաթիռների համար, քանի որ փոխադրողների մեծ մասը դադարեցրել է Boeing 747-երի եւ չորս շարժիչով այլ ինքնաթիռների օգտագործումը Իսրայելի երթուղիներում:
Առաջատար ավիափոխադրող El Al ավիաընկերությունն արդեն շահագործումից հանել է իր Boeing 747-երը եւ օգտագործում է երկշարժիչ Boeing 777 եւ 787 ինքնաթիռները երկար հեռավորությունների երթուղիներում: Մրցակիցները նույնպես օգտագործում են Boeing-ի այս ինքնաթիռները կամ Airbus-ի համեմատելի ինքնաթիռներ:
Չորս շարժիչով ինքնաթիռների շահագործումը կթույլատրվի բացառիկ դեպքերում եւ միայն հատուկ թույլտվության առկայությամբ։





























