Վրացական մամուլը նպաստում է հասարակության մեջ այլազգիների հանդեպ առկա կարծրատիպերի սրմանը։ Այս մասին ասված է վրացական լրատվամիջոցների մոնիթորինգի արդյունքներն ամփոփող մեդիայի զարգացման հիմնադրամի զեկույցում։
Ըստ զեկույցի՝ Վրաստանի ազգային փոքրամասնությունները ներկայացված են որպես երկրորդ կարգի քաղաքացիներ, ովքեր չեն կարող պահանջել ոչ հավասար իրավունքներ, ոչ սեփականություն։
Ինչ վերաբերում է խտրականության, հայատյացության երեւույթներին, որոշ դեպքերում դրանց հեղինակները լրագրողներն են։ Պետք է նշել, որ հայատյացության մեծ մասը բաժին է հասնում տպագիր մամուլին, եւ կարծրատիպերի մեծ մասը կապված է հայերի հետ, գրում են զեկույցի հեղինակները։
Այս ամենից եզրակացնելով՝ կարելի է կարծել, որ մամուլը քիչ է հետաքրքրվում բազմազանության հարցերով եւ այդ թեման լուսաբանում է միայն այն ժամանակ, երբ այն դառնում է քաղաքական բանավեճերի մաս։



























