Հայկական բանակում կան արմատացած երեւույթներ, որոնք նախարարն էլ չի կարողանում փոխել, որովհետեւ էնքան բարեկամ-բարեկամ են խաղում, որ նախարարի խոսքը չի անցում։ Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

«Բանակի կարգավիճակն այնպես պիտի դրվի, որ նախարարի խոսքը միանգամից օրենք լինի բոլորի համար. էն մեկը չզանգի նախարարին, ասի՝ հորողբորս տղային ստեղ կամանդիր պալկա դիր կամ մորքուրիս տղային տեղափոխիր այսինչ տեղը։ Նախարարն ուժեղ կլինի միայն այն ժամանակ, երբ միանձնյա ղեկավարի բանակը։ Բայց մենք գիտենք, որ կան շատ բաներ, որոնք նախարարից կախված չեն»,- նկատեց Եղիազարյանը։

Անդրադառնալով Հայաստանի Պնախարար Սեյրան Օհանյանի հնարավոր հրաժարականի մասին լրագրողներից մեկի հարցին՝ նա նկատեց. «Անփոխարինելի մարդ չկա, բայց հրաժարականը ճիշտ չի լինի, ընդհակառակը, օրենք պիտի լինի. ով խառնվի բանակի գործերին եւ նախարարի հրամանը չկատարի, կպատժվի օրենքի ամբողջ ուժով։ Մի խոսքով, երկրի նախագահն իրավիճակը պետք է վերցնի վերահսկողության տակ ու ասի, որ ով խառնվեց, գործ կունենան նախագահի հետ։ Նախարարի հնարավորությունները պետք է մեծացվեն, լայն իրավունքներ տրվեն նրան։ Բայց մենք գիտենք, որ ուզածդ մարդը կարող է վերցնի եւ ասի նախարարին՝ սա այսպես պիտի լինի, նա այնպես։ Պետք է ոչ մեկն իրավունք չունենա խառնվել նախարարի գործերին։

Այդ ժամանակ միայն բանակը կարող է կարգի գալ։ Եթե այդ ժամանակ նախարարը չկարողանա կարգի բերել բանակը, դա ուրիշ բան է, նրան պետք է փոխարինել։ Բայց ես կարծում եմ, որ ում էլ լայն հնարավորություններ տրվեն եւ նա կարողանա անմիջականորեն ազդել ամեն ինչի վրա, համոզված եմ՝ բանակը կարգի կգա։ Մենակ ցանկություն եւ հայրենասիրություն է պետք»,- ամփոփեց Արաբո» ջոկատի հրամանատարը։