Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի անդամ, հուլիսի սկզբից անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանի գործով նորից նախաքննություն է ընթանալու: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Տիգրան Առաքելյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը: Նա տեղեկացրեց, որ այսօր ցուցմունք է տվել ՀԱԿ-ի մեկ այլ ակտիվիստ Արտակ Կարապետյանը, նախատեվում է առերեսումներ եւ ճանաչումներ:
«Ես որքանով հասկացա, վարույթն իրականացնող մարմինը մտադիր է հարցաքննել նաեւ Սարգիս Գեւորգյանին եւ Տիգրան Առաքելյանին, բայց իրենք ցուցմունք տալու ցանկություն դեռեւս ինձ` որպես իրենց պաշտպանի, չեն հայտնել: Այժմ չգիտեմ` վաղը դիրքորոշման փոփոխություն կլինի, թե` ոչ: Եթե վարույթն իրականացնող մարմինը լինի օբյեկտիվ, կատարի բազմակողմանի եւ լրիվ քննություն, ապա կարծում եմ, որ գործն ամբողջությամբ շրջադարձ կկատարի»,- նշեց պաշտպանը:
Հարցին, թե իր կարծիքով վարույթն իրականացնող մարմինն օբյեկտիվ կլինի՞, նա արձագանքեց. «Եթե վերսկսելու որոշում են կայացրել, ապա նման հույս փայփայում եմ»:
Հիշեցնենք, որ Առաքելյանը ձերբակալվել է հուլիսի 1-ին ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու համար, մինչդեռ, ինչպես NEWS.am-ին հայտնել էր պաշտպան Վարդուհի Էլբակյանը, անգամ կադրերից էլ պարզ է, որ հուլիսի 1-ին հենց ոստիկաններն էին հարձակվել եւ դաժան ծեծի ենթարկել հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանող երիտասարդներին, իսկ ծեծի արդյունքում երեք երիտասարդ տեղափոխվել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Այդ երիտասարդներից մեկը Տիգրան Առաքելյանն էր, մյուս երկուսի՝ անչափահասներ Հերբերտ Գեւորգյանի եւ Սահակ Մուրադյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը: Տիգրան Առաքելյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Քր.օր.-ի 258 հոդվածով (Խուլիգանություն), բայց քննիչ Հրաչյա Սարգսյանը մեղադրանքը խստացրել է եւ վերաորակել 316 հոդվածի 2-րդ մասով (Վտանգավոր բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ): Նոր հոդվածը նախատեսում է 5-ից 10 տարի ազատազրկում: Առաքելյանի կալանքի ժամկետը արդեն երկու անգամ երկարաձգվել է, այդ ընթացքում նա երկու անգամ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով ազատ արձակել իրեն: Վարույթն իրականացնող մարմինը իրավունք ունի մինչեւ 6 ամիս քննություն կատարելու, այսինքն` կարող է եւս երկու ամսով երկարաձգել Առաքելյանի կալանքի ժամկետը: ՀԱԿ ակտիվիստը առողջական ծանր վիճակն է: Տիգրանի մոտ ախտորոշվել է ձախ աչքի տեսողական նյարդի սուբատրոֆիա:



























