Նեպալի նախագահ Բիդհյա Դեւի Բհանդարին կիրակի օրը երկրի քաղաքական կուսակցություններին կոչ է արել փորձել նոր կառավարություն ձեւավորել նոյեմբերին անցկացված ազգային ընտրություններից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, հայտնում է Reuters-ը։
Իշխող դաշինքը, որը գլխավորում է վարչապետ Շեր Բահադուր Դեուբայի «Նեպալի Կոնգրես կուսակցություն»-ը, եւ Նեպալի գլխավոր ընդդիմադիր «Կոմունիստական Միացյալ Մարքսիստ-Լենինիստական կուսակցությունը» (UML) նոր կառավարություն ձեւավորելու համար փոքր խմբերի աջակցության կարիքն ունեն:
Չինաստանի եւ Հնդկաստանի միջեւ գտնվող 30 միլիոն բնակչություն ունեցողՆեպալը 2008 թվականին 239-ամյա միապետության վերացումից հետո տասը կառավարություն է փոխել:
Քաղաքական անկայունությունը խաթարում է տնտեսական աճը եւ հուսահատեցնում ներդրողներին:
Ընտրություններում կառավարող դաշինքը ստացել է 136 մանդատ, ինչը երկուսով քիչ է պահանջվող մեծամասնությունից՝ 275 անդամներից բաղկացած Ներկայացուցիչների պալատում: «Կոմունիստական Միացյալ Մարքսիստ-Լենինիստական կուսակցությունը» եւ դաշնակիցները ստացել են 92 մանդատ։
«Ներկայացուցիչների պալատի ցանկացած անդամ, ով կարող է ստանալ ձայների մեծամասնությունը, երկու կամ ավելի կուսակցությունների աջակցությամբ, մինչեւ դեկտեմբերի 25-ի ժամը 17:00-ը պետք է դիմի՝ վարչապետ նշանակվելու համար»,- ասվում է նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
«Մենք (իշխող) դաշինքի շրջանակներում եւ այլ քաղաքական կուսակցությունների հետ կքննարկենք մեր ղեկավարությամբ նոր կառավարության ձեւավորումը», - Reuters-ին ասել է Նեպալի Կոնգրեսի կուսակցության խոսնակ Պրակաշ Շարան Մահաթը:





























