Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը դատապարտել է Թուրքիայի մտադրությունը՝ «Բայրաքթարներ» մատակարարել չճանաչված Կոսովո։
«Երբ թուրքերն ասում են, թե «Բայրաքթարներ» կտան Պրիշտինային, դա մեզ համար դժվար ու վատ նորություն է։ Մենք շատ ենք հարգում [Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ] Էրդողանին, բայց դա, անկասկած, կազդի մեր հարաբերությունների վրա»,- ասել է Վուչիչը Pink հեռուստաալիքի հարցազրույցում։
Նախագահն ընդգծել է, որ դա նշանակում է, որ Սերբիան պետք է պատրաստ լինի, այսինքն՝ ունենա ՀՕՊ համապատասխան համակարգեր։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ չճանաչված Կոսովոյի պաշտպանության նախարարությունը սպասում է մոտ 30 մլն եվրոյի ժամանակակից զենքի մեծ խմբաքանակ։ Ժամանակակից զենքով, մասնավորապես՝ ականանետերով եւ ականներով բեռնված 11 բեռնատար ավտոմեքենա է նկատվել բուլղարա-հյուսիսմակեդոնական սահմանին։ Բեռնատարները շարժվել են Կոսովոյի եւ Մետոխիայի ուղղությամբ։ Սերբական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ բեռնատարներն ուղարկվել են Թուրքիայից, իսկ արժեքը կազմում է 27,5 մլն եվրո։





























