Այսօր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, Ս. Վրացյան կենտրոնում տեղի ունեցավ ընդդիմադիր քաղաքական ուժերի խորհրդակցություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՅԴ մամլո դիվանից։

Օրակարգում Հայաստանի և Արցախի հանրապետություններում ստեղծված անվտանգային իրավիճակն էր, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու և Արցախի բլոկադայի հետևանքով ստեղծված հումանիտար և գոյաբանական սպառնալիքների  դիմագրավումը:

Խորհրդակցության մասնակից շուրջ երկու տասնյակ քաղաքական ուժերն իրենց  գնահատականներում միակամ էին. ստեղծված իրավիճակը իշխանությունների վարած արտաքին և ներքին ապազգային քաղաքականության հետևանքն է, և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացմամբ,  համազգային համախմբման և ազգային -պետական արժեհամակարգով առաջնորդվող քաղաքական ղեկավարությամբ է հնարավոր կանխել Ադրբեջանի ցեղասպանական նկրտումները: 

Հանդիպում-խորհրդակցությունները շարունակվելու են՝ առանցքում ունենալով միասնական քայլերի ձևավորման հանձնառություն: