ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Սպիտակ տանը՝ խոստանալով, որ Միացյալ Նահանգները «կշարունակի ուժեղացնել Ուկրաինայի՝ իրեն պաշտպանելու կարողությունը, հատկապես հակաօդային պաշտպանությունը»։
Նրա խոսքով՝ երկու քաղաքական կուսակցություններից ամերիկացիները աջակցում են ուկրաինացիներին, եւ դաշնակիցների հետ միասին «Եվրոպայում, Ճապոնիայում եւ այլուր, ցանկանում են համոզվել, որ դուք ստանում եք անհրաժեշտ ֆինանսական հումանիտար օգնություն եւ անվտանգային օգնություն», որի կարիքը դուք ունեք, ներառյալ վերջերս հայտարարված Patriot ՀՕՊ համակարգերի մատակարարումը:
Չորեքշաբթի ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր Ուկրաինային 1,85 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնության մասին, ներառյալ Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգի առաջին փոխանցումը:
Զելենսկին Բայդենին շնորհել է ուկրաինական խաչ՝ մարտական վաստակի համար։ Նա շնորհակալություն է հայտնել Բայդենին եւ ԱՄՆ Կոնգրեսին աջակցության համար, ինչպես նաեւ երախտագիտություն է հայտնել ամերիկացի ժողովրդին։
Այնուհետեւ Զելենսկին Բայդենին նվիրել է հերոսի մրցանակ, որը, նրա խոսքով, իրեն փոխանցել է Դոնբասում կռվող ուկրաինական բանակի կապիտանը։
Բայդենը շնորհակալություն է հայտնել Զելենսկուն եւ ասել է, որ դրա դիմաց ուկրաինացի կապիտանին ԱՄՆ հրամանատարական մետաղադրամ կուղարկի։ «Չեմ վաստակել, բայց շատ արժեքավոր է, շնորհակալություն»,- ասել է Բայդենը: «Դե, մենք այստեղ ավանդույթ ունենք։ Իմ որդին, որը կռվել է Իրաքում, ունի, այսպես կոչված, հրամանատարական մետաղադրամ։ Դուք տեսել եք մետաղադրամները, որոնք մենք ստանում ենք մարտի դաշտում: Ես կհոգամ, որ նա ստանա դրանցից մեկը»:





























