Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կարգադրել է ամեն բան անել, որ կատարվող շինարարության արդյունքում չվնասվի Թռչկան ջրվեժը:

Այսօր` սեպտեմբերի 9-ին, Արամ Հարությունյանի մոտ, տեղի է ունեցել խորհրդակցություն «Ռոբշին» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Լոռիի մարզի Չիչխան գետի վրա «Թռչկան» ՓՀԷԿ-ի կառուցման խնդիրների վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան մասնագետները, ԱԺ պատգամավոր Ս. Սաֆարյանը, ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի հողօգտագործման եւ հողաշինության բաժնի պետը, Մեծ Պարնիի գյուղապետը, «Ռոբշին» ՍՊԸ-ի տնօրենը, «Թռչկան» ՓՀԷԿ-ի կառուցողը եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հարց բարձրացրեցին «Թռչկան» ՓՀԷԿ-ի կառուցման ընթացքում Չիչխան գետի հունի փոփոխման եւ շինարարական աշխատանքները խախտումներով իրականացնելու վերաբերյալ:

Քննարկման ընթացքում պարզվել է, որ Չիչխան գետի հունը չի փոխվել, իսկ շինարարի կողմից դեռ փաստացի կատարվել են միայն շինարարական նախագծին համապատասխան հողային աշխատանքներ:

ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը կառուցողին առաջարկել է կասեցնել բոլոր տիպի աշխատանքները եւ 10-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ, որոնք կապահովեն Թռչկան ջրվեժի պահպանությունը: