Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը իր Telegram-ալիքում ներկայացրել է 2023 թվականի «ֆուտուրիստական կանխատեսումը»։
«Շատերն են ֆուտուրիստական վարկածների վարժանքներով զբաղվում՝ մրցելով ամենաանսպասելիի եւ նույնիսկ անհեթեթ առաջարկությունների հարցում: Մենք էլ մեր ներդրումն ունենանք։
Ինչ կարող է տեղի ունենալ 2023 թվականին.
- Նավթի գների բարձրացում մինչեւ 150 դոլար մեկ բարելի դիմաց, եւ գազի գների՝ մինչեւ 5000 դոլար 1000 խ/մ-ի դիմաց։
- Մեծ Բրիտանիայի վերադարձ Եվրամիություն։
- Եվրամիության փլուզում Մեծ Բրիտանիայի վերադարձից հետո եւ եվրոյի որպես նախկին ԵՄ արժույթի շրջանառության վերացում:
- Լեհաստանի եւ Հունգարիայի կողմից նախկին Ուկրաինայի արեւմտյան շրջանների գրավում։
- Չորրորդ ռեյխի ստեղծում՝ Գերմանիայի եւ նրա մերձավոր արբանյակների (Լեհաստան, Մերձբալթյան երկրներ, Չեխիա, Սլովակիա, Ռումինիա, Կիեւյան Հանրապետություն եւ այլ մարգինալների) հիման վրա։
- Պատերազմ Ֆրանսիայի եւ Չորրորդ ռեյխի միջեւ։ Եվրոպայի բաժանում, ներառյալ Լեհաստանի նոր բաժանում։
- Հյուսիսային Իռլանդիայի անջատում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորությունից եւ միացում Իռլանդիայի Հանրապետությանը։
- Քաղաքացիական պատերազմ ԱՄՆ-ում, Կալիֆոռնիայի եւ Տեխասի բաժանումը անկախ պետությունների։ Տեխասի եւ Մեքսիկայի միութենական պետության ստեղծում։ Իլոն Մասկի հետագա հաղթանակ ԱՄՆ նախագահական ընտրություններում՝ քաղաքացիական պատերազմից հետո հանրապետականների վերահսկողության տակ անցած որոշ նահանգներում։
- Բոլոր խոշորագույն ֆոնդային հարթակների եւ ֆինանսական ակտիվության փոխանցում ԱՄՆ-ից եւ Եվրոպայից Ասիային:
- Բրետտոն-Վուդսի ֆինանսական համակարգի փլուզում, ներառյալ ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի փլուզում: Եվրոյից եւ դոլարից՝ որպես համաշխարհային պահուստային արժույթներից հրաժարում։ Ոսկե ստանդարտի վերադարձ։ Անցում թվային ֆիատային արժույթների ակտիվ օգտագործմանը:
Շնորհավոր գալիք տոնը, անգլոսաքս բարեկամներ եւ նրանց ենթակա ուրախ խռխռացող գոճիներ»:





























