Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սեուլա Բրավերմանը պատրաստել է երկիր գալ ցանկացող միգրանտների թվաքանակը փոքրացնելու պլան։ Այս մասին տեղեկացրել է Times թերթը՝ հղում կատարելով փաստաթղթի նախագծին։
Առաջարկվող պլանի համաձայն՝ Միացյալ Թագավորության իշխանությունները պատրաստում են ավելացնել եկամուտի նվազագույն մակարդակն այն բրիտանացիների համար, որոնք ցանկանում են երկիր հրավիրել ընտանիքի բրիտանական քաղաքացիություն չունեցող անդամներին։ Նախարարի պլանը նաեւ նախատեսում է աշխատավարձի նվազագույն մակարդակի բարձրացում այն կազմակերպությունների համար, որոնք վարձում են օտարերկրյա աշխատողների։ Նոր սահմանափակումները կարող են առնչվել նաեւ օտարերկրացի ուսանողներին, այդ թվում՝ նրանց համար ավելի դժվար կլինի իրենց հետ բերել մերձավորներին՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար անհրաժեշտ եկամուտի մակարդակի բարձրացման պատճառով։





























