Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Կորեական թերակղզում լարվածության աճի համատեքստում, Կորեայի Աշխատանքային կուսակցության լիագումար նիստում նշել է 2023թ. երկրի պաշտպանական պոտենցիալն ամրացնելու նպատակի մասին, տեղեկացրել է «Ռյոնհափ» գործակալությունը՝ հղում կատարելով հյուսիսկորեական ԶԼՄ-ներին։

«Հյուսիսային Կորեայի առաջնորդը 2-օրյա կուսակցական պլենումում առաջադրել է երկրի պաշտպանությունն ուժեղացնելու նպատակ»,- նշվել է գործակալության հաղորդագրությունում։

Ինչպես տեղեկացրել է գործակալությունը, մեջբերելով հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրական գործակալությանը, Կիմ Չեն Ընը ներկայացրել է «ինքնապաշտպանության ամրապնդման նոր կարեւոր նպատակները, որոնք պետք է ձեռք բերվեն 2023թ.՝ բազմակողմանի փոփոխվող իրավիճալի պայմաններում»։

Հյուսիսկորեական հինգ անօդաչուներ մինչ այդ՝ երկուշաբթի առավոտյան ներթափանցել էին Հարավային Կորեայի տարածք։ Զինվորականների տվյալներով՝ դրանք փոքր մասշտաբի դրոններ էին՝ թեւերի երկու մետր բացվածքով։ Սեուլն ի պատասխան օդ էր բարձրացրել կործանիչներ, ուղղաթիռներ եւ այլ միջոցներ՝ դրոնները ոչնչացնելու համար։ Հարավկորեացի զինվորականների գործողությունը տեւել է հինգ ժամ, ուղղաթիռներից անօդաչուների ուղղությամբ արձակվել է մոտ 100 կրակոց 20 միլիմետրանոց հրանոթներից, բայց նրանք չեն կարողացել խոցել դրոնները, որոնց մի մասը վերադարձել է Հյուսիսային Կորեա, մի մասն անհետացել է ռադարներից։