Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը կարգադրել է Հյուսիսային Կորեա ուղարկել երկու-երեք անօդաչու՝ ի պատասխան հյուսիսկորեական ամեն մի դրոնի։ Այս մասին տեղեկացրել է «Ռյոնհափ» գործակալությունը։

Նա նաեւ հրամայել է անհրաժեշտության դեպքում խփել հյուսիսկորեական բոլոր դրոնները։

«Երբ թռավ առաջին դրոնը, նախագահը հրամայեց մեզ անհապաղ պատասխանել Հյուսիսային Կորեային՝ նշելով, որ մենք նույնպես անօդաչուներ ունենք։ Նա հրամայեց երկու-երեք անօդաչու ուղարկել՝ ի պատասխան հյուսիսկորեական մեկ դրոնի ներխուժման»,- ասել է պաշտոնյան Յուն Սոկ Յոլի աշխատակազմից։

Պաշտոնյան նաեւ կառուցողական չի համարել ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության քննադատությունը, որը նախագահին մեղադրել է այն բանում, որ նա չի կարողացել վերահսկել իրավիճակը հյուսիսկորեական դրոնների գրոհի ժամանակ եւ Ազգային անվտանգության նախագահական խորհրդի նիստ չի գումարել։ «Ազգային անվտանգության խորհրդի նիստ գումարելու անհրաժեշտություն չկար»,- ընդգծել է նա։

Նախօրեին հարավկորեական զինվորականները ներողություն էին խնդրել, որ չեն կարողացել խփել հյուսիսկորեական դրոնները, որոնք դեկտեմբերի 26-ին ներխուժել էին հանրապետության օդային տարածք։ ՀՕՊ անհաջող աշխատանքը Սեուլում կապել են այն բանի հետ, որ անօդաչուները թռել են շատ ցածր։

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել է, որ հյուսիսկորեական դրոնների ներխուժումը հանրապետության օդային տարածք ցույց է տալիս, որ բանակն անպատրաստ է՝ անօդաչուների կիրառման առումով։