Պետդեպարտամենտը հավանություն է տվել Թայվանին 180 մլն դոլարի Volcano հակատանկային հեռահար ականապատման համակարգերի եւ ուղեկցող սարքավորումների հնարավոր վաճառքին։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է ԱՄՆ պաշտպանության նախարարության անվտանգության ոլորտում համագործակցության գործակալությունը, որը պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահման ռազմական տեխնիկայի եւ սպառազինությունների մատակարարման համար։

«Առաջարկվող վաճառքը համապատասխանում է ԱՄՆ օրենսդրությանը եւ քաղաքականությանը։ Հնարավոր գործարքը ծառայում է ԱՄՆ ազգային եւ տնտեսական, ինչպես նաեւ Վաշինգտոնի ազգային անվտանգության ոլորտի շահերին՝ ստացողի [Թայվանի] զինված ուժերն արդիականացնելու շարունակվող ջանքերին եւ նրա հուսալի պաշտպանական պոտենցիալին աջակցելու միջոցով։ Առաջարկվող վաճառքը կօգնի ամրապնդել ստացողի անվտանգությունը, ինչպես նաեւ կաջակցի քաղաքական կայունության, ռազմական հավասարակշռության եւ տնտեսական առաջընթացի պահպանմանը տարածաշրջանում»,- նշվել է հաղորդագրությունում։ ԱՄՆ կառավարության կարծիքով՝ Volcano համակարգերի մատակարարումը «կբարձրացնի Թայվանի՝ ընթացիկ եւ ապագա սպառնալիքներին դիմակայելու ունակությունը» եւ չի հանգեցնի «տարածաշրջանում ուժերի հիմնական հավասարակշռության փոփոխության»։

Ամերիկյան վարչակազմն արդեն պաշտոնապես տեղեկացրել է Կոնգրեսին իր որոշման մասին։ Օրենսդիր մարմինն այժմ 30 օր ունի՝ ռազմական այս պայմանագիրն ուսումնասիրելու եւ դրա հնարավոր արգելակման համար։ Եթե գործարքը հավանության արժանանա, հիմնական կապալառուները կլինեն Northrop Grumman եւ Oshkosh Corporation ընկերությունները։