Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Լիբիայի վերաբերյալ իր զեկույցում մեղադրել է հակամարտության երկու կողմերին ռազմական հանցագործությունների մեջ եւ նախազգուշացրել, որ եթե առաջիկայում երկրում կարգուկանոն չհաստատվի, կարող է հարձակումների եւ վրեժխնդրությունների գործողությունների շարք սկսվել: Իրավապաշտպանների տվյալներով, իրենք Քադաֆիի ուժերի կողմից վարչախմբի հակառակորդների սպանությունների փաստեր ունեն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Զեկույցում նաեւ ասվում է ռազմական հանցագործությունների մասին, որ կատարել են ապստամբները, այդ թվում մարդկանց առեւանգումների, անհիմն ձերբակալությունների, կտտանքների եւ օտարերկրացիների սպանությունների մասին:

Amnesty International-ը կոչ է արել Լիբիայի Ազգային անցումային խորհրդին հետաքննել հակամարտության կողմերի կատարած ռազմական հանցագործությունները, նաեւ ուշադրություն դարձնել մարդու իրավունքների վիճակին: