Նյու Յորքում, ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում, այսօր` սեպտեմբերի 13-ին, իր աշխատանքն է սկսում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանը:
Աֆրիկյան երկրների տարածաշրջանային խմբի առաջարկով, նրա ղեկավար է ընտրվել քաթարցի դիվանագետ, 57-ամյա Նասեր Աբդել Ազիզ ան-Նասերը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նախատեսվում է, որ 66-րդ նստաշրջանում կքննարկվի օրակարգի 168 հարց: Դրանց շարքում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են խաղաղության եւ անվտանգության ապահովումը, ահաբեկչության դեմ պայքարը, մարդու իրավունքների պաշտպանությունն ու շրջակա միջավայրի պահպանությունը, սոցիալական եւ տնտեսական զարգացման հարցեր:
Գլխավոր ասամբլեայի պատվիրակները կշարունակեն նախորդ նստաշրջանից մնացած հարցերի քննարկումը, որոնք վերաբերում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերակազմավորմանը, նաեւ ընդհանրապես ՄԱԿ-ի աշխատանքների ակտիվացմանը:
Ավանդաբար, նոր նստաշրջանի շրջանակում տեղի կունենա ընդհանուր քաղաքական բանավեճ, որը կկայանա սեպտեմբերի 21-27-ին: Բացի այդ, սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում տեղի կունենա միջուկային անվտանգությանը նվիրված բարձր մակարդակի հանդիպում:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի գլխավոր խորհրդակցական մարմինն է: Այն կազմված է բոլոր անդամ-երկրների ներկայացուցիչներից, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկ ձայն: 1946-ին ՄԱԿ-ի կազմում կար 51 երկիր: Այս տարվա հուլիսի 14-ին, Հարավային Սուդանը դարձավ ՄԱԿ-ի 193-րդ անդամը:




























