Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում  առկա իրավիճակը մեծապես անհանգստացնում է ԵԱՀԿ-ին, «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում ասել է Հակամարտությունների կանխարգելման ԵԱՀԿ կենտրոնի տնօրեն Ադամ Կոբերացկին՝ պատասխանելով ռեպլիկին, թե գործընթացը «տեղում դոփում է»:

Նրա խոսքով, միայն այս տարի շփման գծում մահվան ելքով ավելի քան 20 միջադեպ է գրանցվել։ «Հատուկ անհանգստություն են առաջացնում խաղաղ բանկչության շրջանում գրանցված մահվան դեպքերը»,- ավելացրել է նա։

Կոբերացկին հիշեցրել է, որ ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան եւ Ադրբեջան կատարած իր այցերի ժամանակ կողմերին կոչ էր արել շփման գծից հեռացնել դիպուկահարներին:

«Ես ափսոսում եմ, որ կողմերը մինչեւ հիմա չեն կատարել Սոչիում ձեռք բերված, հրադադարի գծի միջադեպերի հետաքննության մասին համաձայնագիրը։ Կարեւոր եմ համարում, որ կողմերի վրա ճնշումները շարունակվեն եւ դրա համար էլ ողջունում եմ Ռուսաստանի նախագահի անձնական մասնակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններին»,- հայտարարել է նա: