Ռումինիան եւ ԱՄՆ-ը Վաշինգթոնում Ռումինիայի տարածքում հակահրթիռային պաշտպանության տարրեր տեղակայելու վերաբերյալ պայմանագիր են ստորագրել: Փաստաթղթի տակ իրենց ստորագրությունն են դրել Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Բակոնսկին եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Պայմանագիրը ստորագրվել է Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի ԱՄՆ կատարած այցի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է «Նովի Ռեգիոնը»` վկայակոչելով HotNews գործակալությունը, ստորագրումից հետո, Քլինթոնը հայտարարել է, որ սրանով «Ռումինիան գլխավոր խաղացող է դառնում ՆԱՏՕ-ի հակահրթիռային ճարտարապետության մեջ»:

Իր հերթին, Թեոդոր Բակոնսկին հայտարարել է, որ Ռումինիան վճռական է մասնակցել գլոբալ անվտանգության միջոցառումների ամրապնդմանը, իսկ Տրայան Բասեսկուի ներկ այցելությունը Վաշինգթոն դրա վկայությունն է: Նա հիշեցրել է, որ Ռումինիան «ազատ աշխարհի երկիր է եւ ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցը»:

Պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո հետեւել է Ռուսաստանի կտրուկ գնահատականը: «Ռումինիայի հետ ձեռքբերված պայմանավորվածությունը, ինչպես նաեւ վերջերս արված հայտարարությունները` Թուրքիայի տարածքում ամերիկյան հակահրթիռային ռադար տեղակայելու մասին, վկայում են, որ Եվրոպայի տարածքում ԱՄՆ-ի հակահրթիռային պլանների իրականացումը ընթանում է արագ եւ պլանաչափ: Դա տեղի է ունենում ՀՀՊ թեմայով ռուս-ամերիկյան եւ Ռուսաստան-ՆԱՏՕ երկխոսության մեջ առաջընթացի բացակայության ֆոնին»,-ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: