Ռումինիան եւ ԱՄՆ-ը Վաշինգթոնում Ռումինիայի տարածքում հակահրթիռային պաշտպանության տարրեր տեղակայելու վերաբերյալ պայմանագիր են ստորագրել: Սեպտեմբերի 13-ին Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն Սպիտակ Տանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ, այնուհետեւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ մասնակցել է պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ըստ այդ համաձայնագրի, 2015 թվականին Ռումինիայի տարածքում կտեղակայվեն ցամաքային բազավորման SM-3 հրթիռներ: Հրթիռային համալիրները կտեղակայվեն Ռումինիայի Դեվեսելու ավիաբազայում:

Այս համաձայնագիրը ԱՄՆ-ի` Կենտրոնական Եվրոպայում մինչեւ 2020 թվականը  ՀՀՊ համակարգերի տեղակայման պլանի մի մասն է:
Ռուսաստանի ԱԳՆ-ն նշում է, որ «իրադարձությունների զարգացումը միայն բարձրացնում է ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-ից հստակ, իրավական առումով պարտավորեցնող երաշխիքների ստացման արդիականությունը, որ նրանց կողմից իրականացվող հակահրթիռային միջոցները ուղղված չեն լինի Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերի դեմ: Ռուսաստանը պահանջում է նաեւ, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրում մշակվի գործող ու իրական որոշումներ` տարածաշրջանում ՀՀՊ ճարտարապետության վերաբերյալ: