Թերթը գրում է, որ շուրջ մեկ ամիս է, ինչ Ճարտարապետների միությունում քննարկումներ են գնում Երեւանի քաղաքաշինության խորհրդի ձեւավորման շուրջ։ «Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ  Սարգսյանը միությանն առաջարկել է ներկայացնել խորհրդի անդամության 15 թեկնածու, որպեսզի հետո իրեն չմեղադրեն կամայականությունների մեջ, եւ անկախ ճարտարապետները մասնակցեն նախագծերի քննարկումներին։  

Միությունում մտահոգված են Երեւանի ճարտարապետական նկարագրով եւ որոշել են ներկայացնել այնպիսի թեկնածուների, որոնք վճռական դիրքորոշում կունենան եւ թույլ չեն տա Նարեկ Սարգսյանին իր ուզած նախագծերն անցկացնել։  Քանի որ անցյալում Քաղաքաշինության խորհրդում ներկայացված ճարտարապետերը հեշտությամբ կաշառվել են եւ անցել քաղաքի գլխավոր ճարտարապետի կողմը, միությունը մտավախություն ունի, որ հիմա էլ այդպես կլինի։ Երկու օր է՝ քաղաքաշինության խորհրդի ձեւավորման աշխատանքներ են գնում։ Հնարավոր է, որ միության ներկայացրած 15 թեկնածուներն անգամ հրաժարվեն մասնակցել նոր ձեւավորված Քաղաքաշինության խորհրդի աշխատանքներին՝ մենակ թողնելով Նարեկ Սարգսյանին իր համախոհների հետ»,-գրում է «Հրապարակ»-ը։