ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սեպտեմբերի 13-ին միաձայն հավանություն է տվել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ջոն Հեֆերնի թեկնածությանը՝ հաղորդում է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի գրասենյակը:
Քվեարկությունից առաջ՝ տվյալ հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ, Հեֆերնը նշել էր, որ քաջատեղյակ է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ղարաբաղյան խնդրին ու հայ - թուրքական հաշտեցման գործընթացին: Անդրադառնալով 1915 թվականի դեպքերին՝ նա խուսափել էր օգտագործել «ցեղասպանություն» բառը, նշելով, որ «այդ իրադարձությունների որակումը քաղաքական որոշում է, որը կայացվում է ԱՄՆ նախագահի կողմից»:
Նշենք, որ Հեֆերնը շուրջ 30 տարի աշխատում է ԱՄՆ արտաքին քաղաքականության ոլորտում եւ ներկայումս ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առաքելության ղեկավարի տեղակալն է:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, նույն օրը հաստատվել է նաեւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ֆրենսիս Ռիչարդոնեն: Նրա թեկնածությանը դեմ են քվեարկել երեք հայամետ սենատորներ` Ռոբերտ Մենենդեզը, Բարբարա Բոքսերն ու Ջիմ Ռիշը:
Նրանք քննադատել են Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների վերաբերյալ Ռիկարդոնեի՝ ավելի վաղ արած հայտարարությունը, ըստ որիմինչեւ 1915 թվականը Թուրքիայում առկա շուրջ 2000 եկեղեցիների մեծ մասը շարունակում է գործել նաեւ այսօր: Ռիկարդոնեի այս դիրքորոշումը քննադատել են նաեւ մի շարք այլ սենատորներ, սակայն կողմ են քվեարկել նրա թեկնածությանը:
Նշենք, որ երկու դիվանագետների թեկնածությունը պիտի հաստատվի նաեւ Սենատի լիագումար նիստում, որից հետո միայն դեսպանները կարող են անցնել իրենց պարտականությունների կատարմանը:



























