Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած գործարար-պատգամավորների ցանկում բազմաթիվ անճշտություններ կան:

Սեպտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

«Օրինակ, ինձ ֆերմերային տնտեսություն են վերագրել, իբր ես ֆերմերային տնտեսություն ունեմ: Նման բան ինձ վերագրողներին խորհուրդ կտամ այն ինձ հանձնեն, ես էլ հաճույքով կընդունեմ»,- նկատեց Մելիքյանը:

Պատգամավորը նաեւ նկատեց, որ կգա մի ժամանակ, երբ խորհրդարանում կլինեն միայն օրենսդիր աշխատանքով զբաղվող պատգամավորներ:  «Մենք ականատես կլինենք դրան»,- համոզմունք հայտնեց նա:

Հարցին, նշանակո՞ւմ է դա արդյոք, որ Հայաստանի  խորհրդարանում ոչ բոլոր պատգամավորներն են օրենսդրական գործունեությամբ զբաղվում, Մելիքյանը պատասխանեց. «Բոլորս էլ տեսնում ենք»:

Հիշեցնենք, որ  իշխանությունների հետ երկխոսության ժամանակ ՀՀ-ում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման իր հիմնավորումներում խոսելով ԱԺ-ի` ոչ լեգիտիմ լինելու մասին` Կոնգրեսը մատնանշել էր, որ 131 պատգամավորներից 76-ը, խախտելով ՀՀ Սահմանադրությունը, զբաղվում են բիզնեսով եւ ներկայացրել էր նրանց ունեցած բիզնեսները: