Ադրբեջանի մայրաքաղաքի Նիզամիի շրջանի նախկին ռազմական կոմիսար Բեհմեն Նեսիբովը, ով ներկայումս գտնվում է հետախուզման մեջ եւ այդ պատճառով թաքնվում է արտասահմանում, նամակ է ուղարկել ադրբեջանական «Մուսավաթ» թերթին: Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի եւ նրա համախոհ, Շամխոր քաղաքի նախկին գործադիր ղեկավար Ասլան Ասլանովի հանցագործությունները մերկացնող նամակում Նեսիբովը նրանց անվանել է «Ադրբեջանի հնոցը նետած խոցապալարներ» եւ հույս հայտնել, որ Գերագույն հրամանատարությունը կկտրի այդ խոցապալարները: 

«Ինձ հայտնել են, որ Ադրբեջանում լույս տեսնող թերթերից մեկը անշնորհք եւ անբարոյական բաներ է գրել իմ մասին: Ինձ հասցեագրված ստորացուցիչ խոսքերն ամբողջությամբ համապատասխանում են Ասլանովի եւ Աբիեւի բնույթին: Աբիեւն ու Ասլանովը մաքուր մարդկանց դեմ կեղտոտ փողերի միջոցով են պայքարում: Դիմումս պետական օրգաններին չի հասել, դրա համար էլ ձեր թերթի միջոցով դիմում եմ Գերագույն հրամանատարությանը: Ընտանիքս պարտքերի մեջ է, նրանց նեղում են Ասլանովի մարդիկ: Իմ կարծիքով, պետության ղեկավարը պետք է կանխի Ասլանովի եւ Աբիեւի անօրինական գործողությունները: Այդ «սեւ զույգի» մասին բազմիցս տեղեկացրել եմ ռազմական կոմիսարներին եւ զինվորական քննիչներին: Ձեր թերթի միջոցով որոշել եմ նաեւ ժողովրդին իրազեկել»,- ասել է Նեսիբովը:

Իր նամակում նա պաշտպանության նախարարի «իրական դեմքը բացահայտելու համար» մի անեկդոտ է գրել. «Անեկտոդն ամբողջությամբ համապատասխանում է իրականությանը: Մի անգամ արեւմտյան սահմանները ստուգելու ժամանակ Աբիեւը այցելել է Շամխորի նախկին գործադիր ղեկավար Ասլան Ասլանովին: Հյուրասիրության ժամանակ նրանց սպասարկողների մեջ է եղել նաեւ նախկին ռազմական կոմիսար, գնդապետ-լեյտենանտ Ասիմ Բարյամովը: Մի քանի շիշ խմելուց հետո Աբիեւն ու Ասլանովը Ասիմ Բայրամովի վրա գրազ են եկել: Ասլանովն ասել է. «Սաֆար, արի ռազմական կոմիսարին սենյակ կանչենք ու հարցնենք, թե ղեկավարդ ո՞վ է: Դու ի՞նձ ես ծառայում, թե՞ Աբիեւին: Եթե ասի, որ ինձ է ծառայում նրան գնդապետի պաշտոն տանք, իսկ եթե ասի նախարարին եմ ծառայում` հանենք գործից: Ասիմ Բայրամովին կանչել եւ հարցրել են` գործադիրին է ծառայում, թե նախարարին: Ի պատասխան Ասիմ Բայրամովը ասել է. «Պարոն Ասլան, թող նախարարը չնեղանա, բայց ես Ձեր ենթական եմ ու Ձեզ եմ ծառայում»: Դրանից հետո նրան գնդապետի կոչում տվեցին»: