Հայաստանի կոալիցիոն կուսակցությունները առաջիկայում պետք է հստակեցնեն իրենց մարտավարությունը եւ որոշում կայացնեն, թե ինչպես ու ինչ ձեւաչափով են մասնակցելու խորհրդարանական հերթական ընտրություններին:
«Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ կուսակցությունն իր հերթական համագումարն անցկացնելու է հոկտեմբերին կամ նոյեմբերին: «Դեռ օրը քննարկվում է, եւ օրակարգում կլինեն տարբեր հարցեր: Եւ համագումարի օրակարգը, երբ օրը որոշեցինք, հստակ կներկայացնենք»,- նշեց Մարգարյանը` ընդգծելով, որ համագումարում բնականաբար կուսակիցների հետ քննարկելու են գալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված տարբեր հարցեր:
Պատգամավորի խոսքով, ՕԵԿ-ն անպայման մասնակցելու է ընտրություններին:
Իսկ հարցին, թե դաշինքի կազմո՞ւմ, թե՞ միայնակ են մասնակցելու ընտրություններին, նա պատասխանեց. «Հստակ ասել ենք, որ մենք կենսագրություն ունեցող ուժ ենք: ՕԵԿ-ը միշտ մասնակցել է ինքնուրույն եւ մեզ հաջողել է, տեր մնալով մեր սկզբունքներին եւ նախընտրական ծրագրերին, ժողովրդի կողմից վստահության քվե ստանալ: Ինչ վերաբերում է դաշինքով մասնակցելուն, մենք ասում ենք, որ նման հարց չի քննարկվել, եթե քննարկվի, մենք հրապարակավ մեր տեսակետը կհայտնենք»:
Առայժմ հայտնի չէ նաեւ հանրապետական կուսակցության համագումարի օրը: ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը նշեց, որ հերթական համագումարը կլինի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին: «Համագումարի օրակարգը եւս որոշված չէ, եւ օրենքով սահմանված կարգով հանրապետականը կհրավիրի հերթական համագումարը: Կարծում եմ` համագումարի ժամանակ որոշակի ճշտումներ կմտցվեն հանրապետական կուսակցության ապագա մարտավարության մեջ, ինչպես նաեւ դրանից ոչ շատ ուշ ժամանակաշրջանում արդեն մենք կհստակեցնենք, թե ինչպիսի ֆորմատով ենք մասնակցում: Քանի որ ընտրությունները մայիսին են լինելու, չեմ կարծում, թե համագումարին ամբողջությամբ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն, որովհետեւ ցուցակները վերջնական տեսքով մարտին են ներկայացվում ԿԸՀ: Բայց ռազմավարական առումով ընդհանուր բաներ պարզ կլինեն»,- նկատեց նա:
Շարմազանովի խոսքով, կուսակցությունում առայժմ չի քննարկվել ընտրություններին մասնակցելու ձեւաչափը` միայնակ, թե դաշինքով են մասնակցելու ընտրություններին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնպես չի շտապում համագումար հրավիրելու հարցում: Խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հայտնեց, որ ԲՀԿ քաղաքական խորհուրդը դեռեւս չի քննարկել համագումարին առընչվող հարցեր: «Բայց ուզում եմ հիշեցնել, որ գործող կանոնադրության համաձայն վերջին համագումարից հետո պետք է երկու տարվա ընթացքում անենք հաջորդ համագումարը: Մենք դեռ այս պահի դրությամբ չունենք կանխորոշված ժամանակ եւ կարծում եմ, որ դա տեղի կունենա մոտակա շաբաթների ընթացքում երբ կհավաքվի կուսակցության քաղաքական խորհուրդը: Այս պահին որեւէ հստակություն հարցերում չկա»,- նշեց նա: Ի դեպ, ԲՀԿ- հերթական 2-րդ համագումարը տեղի է ունեցել 2011թ. փետրվար 12-ին:




























