Ռուսաստանի Սվերդլովսկի մարզում, սեպտեմբերի 14-ին, շուրջ 100 մարդու մասնակցությամբ ծեծկռտուք է կանխվել:
«Տեղի երիտասարդներից եւ հարակից շրջաններից Արտեմովսկ քաղաք ժամանածներից կազմված խմբերը հավաքվել են հաշիվներ պարզելու, բայց բոլորը ձերբակալվել են»,- հայտնել է ՆԳՆ Սվերդլովսկի մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Վալերի Գորելիխը: Նա հավելել է, որ տեղի ժամանակով 20:00-ի սահմաններում, ճանապարհի մոտ գտնվող սրճարանում, որը գտնվում է Եկատերինբուրգից 120 կմ հեռավորության վրա, հավաքվել են երիտասարդների երկու խմբեր, որոնց թիվը հասնում էր շուրջ 100-ի:
«Իրավիճակը, որն սպառնում էր վերաճել զանգվածային անկարգության, ժամանակին կանխվել է, քանի որ ոստիկանությունը տեղեկացված է եղել եւ կարողացել է վերահսկել իրավիճակը: Ռուսաստանի ՆԳՆ Սվերդլովսկի մարզի Գլխավոր վարչության պետի հրահանգով, նախօրոք տաքգլուխ երիտասարդների հանդիպման վայր է ուղարկվել ոստիկանության հատուկջոկատայինների ջոկատը»,- նշել է Գորելիխը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նրա խոսքով, չկայացած ծեծկռտուքի բոլոր մասնակիցները ձերբակալվել են եւ բերման ենթարկվել ոստիկանության բաժին: Նրանցից մատնահետքեր են վերցրել, լուսանկարել են եւ հաշվառման վերցրել:
Երիտասարդների եւ նրանց մեքենաների խուզարկության ժամանակ, ոստիկանները հայտնաբերել եւ առգրավել են 6 գազային ատրճանակ, այդ թվում ПМ եւ TT, կարաբի «Սայգա», որն արտաքնապես նման է Կալաշնիկովի ինքնաձիգի, դիմակներ, բեյսբոլի մականներ, կաստետներ, դանակներ ու կացիններ: Ընդհանուր առմամբ, հաշիվներ պարզելու եկողները եղել են 27 մեքենաներով:




























