Ամանում այսօր` սեպտեմբերի 15-ին, «Ոչ Հորդանանի տարածքում սիոնիստական դեսպանությանը» կարգախոսի ներքո սկսված բողոքի զանգվածային ակցիաների կապակցությամբ` իսրայելական դեսպանությունը լքում է թագավորության տարածքը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը մտավախություն ունեն, որ Հորդանանի մայրաքաղաքում իրադարձությունները կկրկնվեն Կահիրեի սցենարով: Դեսպանատանը կմնան միայն մեկ հերթապահ դիվանագետ եւ մի քանի պահակներ: Եթե բողոքի ակցիաներն անցկացվեն առանց դեսպանատան վրա հարձակումների, ապա կիրակի օրը դիվանագիտական գերատեսչությունը կվերսկսի իր աշխատանքները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ սեպտեմբերի 10-ին բողոքարարները գրոհել են Կահիրեում Իսրայելի դեսպանատունը: Ներխուժելով դիվանագիտական գերատեսչության տարածքը` գրոհողները պոկել եւ այրել են իսրայելական դրոշը, պատուհաններից դուրս են նետել դրոշները: Եգիպտական հատուկ ջոկատայիններին դժվարության հաջողվել է տարհանել դեսպանության անձնակազմին: