Սահմանային դիտակետերում շարքայինների հանդեպ սպաների թույլ վերահսկողությունը մեծացնում է միջանձնային միջադեպերի հավանականությունը: Նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Արծրուն Հավհաննիսյանը, սեպտեմբերի 15-ին կայացած ասուլիսի ժամանակ: Նրա կարծիքով, ՀՀ զինված ուժերում լարված մթնոլորտի առկայությունը մեծամասամբ արտահայտում են նրանք, ովքեր իրատեսորեն չեն պատկերացնում զինվորական ծառայությունը:
«Դուք կարող եք հարցնել զորակոչված ժամանակավոր զինծառայողին, եւ նրա պատմածը չի համապատասխանի ծնողների եւ հասարակական կազմակերպությունների զգացմունքային գնահատականների հետ: Ես չեմ ասում, որ բանակում միջանձնային հարաբերությունների խնդիր չկա: Մեր բանակի կորուստների միայն 20 տոկոսն է պայմանավորված թշնամու գործողություններով, իսկ մնացածը միջանձնային հարաբերությունների հետեւանք է: Այնուամենայնիվ, սահմանային դիտակետերում զինվորների հանդեպ վերահսկողությունը լիովին այլ է»,-նշել է Ա. Հովհաննսիյանը:
Չնվազեցնելով խնդրի լրջությունը` նա հավելել է, որ այնուամենայնիվ, հարցին պետք է մոտենալ իրատեսական դիրքերից: «Բանակում խնդիրները ներթափանցում են հասարակությունից. դա վերաբերում է եւ զինվորներին, եւ սպաներին: Բայց զգացմունքային քննադատությունը չի լուծի խնդիրը: Ցավոք սրտի, ռազմական իրավապաշտպաններից շատերը չեն այցելում բանակ: Իսկ միջադեպերը, այդ թվում ողբերգական ելքով, նրանք ներկայացնում են այլ անձանց պատմածներով»,-հայտարարել է Ա. Հովհաննիսյանը:
Նշենք, որ բանակում վերջին ողբերգական միջադեպերի հետ կապված, երբ սպանվել են զինվորներ, որեւէ դեպքի հետ կապված քրգործ չի հարուցվել «սպանություն» հոդվածով: Որոշ դեպքերում քրգործ է հարուցվել «իշխանազանցության» հոդվածով, մեկ այլ դեպքում` «կանոնագրքի կանոների խախտման» հոդվածով:




























