ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի Հայաստանին վերաբերող բաժնում Պետքարտողարությունն անդրադարձել է նաեւ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը:

Մասնավորապես նշված է, որ 2010թ. «նոյեմբերի 9-ին  NEWS.am-ը հայտնել է, որ սեփական ծնողների սպանության մեջ կասկածվող քաղաքացին հանդիսանում է «Եհովայի վկա», եւ իր հավատքի հետ կապված հաճախ է վիճել ծնողների հետ: Շատ լրատվամիջոցներ, այդ թվում «Հ1» հանրային հեռուստաընկերությունը, տպագիր մամուլը, ռադիոկայանները եւ ինտերնետ-կայքերը տարածել են այդ անհիմն մեղադրանքը որպես փաստ։

Նոյեմբերի 11-ին, «Եհովայի վկաներ» կազմակերպության տեղական (հայաստանյան) կառույցը հերքել է «անհիմն եւ ոչ ճշգրիտ» հայտարարությունը՝ ասելով, որ սպանության մեջ կասկածյալ երիտասարդը երբեք կապ չի ունեցել իրենց կազմակերպության հետ, եւ որ լրատվական առաջին հրապարակումը սկիզբ է հանդիսացել «լրատվամիջոցներում վարկաբեկող հրապարակումների, որոնք նպաստել են կրոնական անհանդուրժողականության բորբոքմանը»։ Եհովայի վկաները նաեւ նամակներ են ուղարկել լրատվական գործակալություններին եւ հեռուստաալիքներին՝ պահանջելով հերքում եւ հրապարակային ներողության հայցում»։ 

Հարկ է նշել, որ գործակալության՝ ծնողասպան երիտասարդի վերաբերյալ լրատվական հրապարակման մեջ, որը հրապարակվել է 2010-ի նոյեմբեր 09-ին ժամը 19:05-ին, երիտասարդի կրոնական կազմակերպության մասին տեղ գտած տեղեկատվության հիմք է հանդիսացել, նույն շենքի բնակիչների փոխանցած տեղեկությունները։ Իսկ  արդեն հաջորդ օրը` նոյեմբեր 10-ին, ժամը 21:22-ին NEWS.am-ը հրապարակել է Հայաստանում գործող «Եհովայի վկաներ» կազմակերպության հերքումն այն մասին, որ երիտասարդն իրենց կազմակերպության անդամ չէ։ Սակայն, անհասկանալի պատճառով Պետքարտուղարության զեկույցում նշվում է, որ կազմակերպությունը երիտասարդի «Եհովայի վկա» լինելու մասին հերքումը տարածել է նոյեմբերի 11-ին (այս դեպքում ժամային տարբերությամբ պատճառաբանելն ավելորդ է, քանի որ առաջին հրապարակման ամսաթիվը նշված է նոյեմբերի 9-ին)։

Պետքարտուղարության զեկույցում չի նշվում, սակայն, որ սույն հերքումը «Եհովայի վկաները» ներկայացրել են NEWS.am-ին, իսկ գործակալությունը պահպանելով լրագրության կանոնները ներկայացրել է շահագրգիռ կողմի տեսակետը։ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության աշխատակազմը հասկանում է Պետքարտուղարության զեկույցների կարեւորությունը, քանի որ դրանք ժողովրդավարության տարածման եւ զարգացման լուրջ ազդակ են հանդիսանում։ Խմբագրակազմը ցավ է հայտնում, որ զեկույցի NEWS.am-ին վերաբերող հատվածում առկա են բացթողումներ, մասնավորապես, չի նշված, որ NEWS.am-ը հենց հաջորդ օրը խնդրո առարկայի վերաբերյալ ներկայացրել է նաեւ մյուս կողմի` «Եհովայի վկաներ» կազմակերպության տեսակետը: 

Խմբագրությունը սույն հրապարակումը ուղարկում է նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, եւ հույս ունի, որ դեսպանատունը հաշվի կառնի գործակալության նշած փաստերը, եւ կընդունի ի գիտություն։