Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ այսօր` սեպտեմբերի 15-ին, ստորագրվելիք վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի համագործակցության համակողմանի զարգացման համար: Այս մասին այսօր, Երեւանում, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Արգենտինայի ԱԳ փոխնախարար Ալբերտո դե Ալոտոյի հետ հանդիպման ժամանակ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արգենտինայի ԱԳ փոխնախարարը Հայաստան է ժամանել միջգերատեսչական խորհրդատվությունների անցկացման նպատակով:Հանդիպման ժամանակ Է. Նալբանդյանը նշել է, որ երկու երկրների փոխհարաբերությունները դրված են ամուր հիմքերի վրա, հաճախակի են բարձր մակարդակի փոխայցելությունները, գոյություն ունի լայն իրավապայմանագրային հենք,  միջազգային կազմակերպություններում արդյունավետ համագործակցություն,  տնտեսական ակտիվ փոխգործակցություն: 

Ալբերտո դե Ալոտոն, ընդգծելով, որ իր երկրում ամենաջերմ եւ բարեկամական վերաբերմունքն են տածում Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, ասել է, որ Արգենտինան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու քաղաքականությունը:Զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Ալբերտո դե Ալոտոն քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում առավել սերտ համագործակցությունը:Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, անդրադարձել է տարածաշրջանային խնդիրների նկատմամբ Հայաստանի մոտեցումներին: Հանդիպումից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն, որի ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Ալբերտո դե Ալոտոն ստորագրել են «Հայաստանի Կառավարության եւ Արգենտինյան Կառավարության միջեւ Սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին Համաձայնագիրը», ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը եւ Ալբերտո դե Ալոտոն՝ «ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի եւ ԱՀ արտաքին գործերի, միջազգային առեւտրի եւ պաշտամունքի նախարարության Ազգային արտաքին ծառայության ինստիտուտի միջեւ փոխգործակցության Համաձայնագիրը» եւ ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը եւ Ալբերտո դե Ալոտոն՝ «2011-2015թթ. Հայաստանի Հանրապետության եւ Արգենտինյան Հանրապետության միջեւ մշակութային համագործակցության մասին ծրագիրը»: