ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը կարծում է, որ իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսություն, իսկապես, անհրաժեշտ է, մանավանդ որ դրա կարեւորությունը գիտակցում են ինչպես իշխանության ներկայացուցիչներն, այնպես էլ ընդդիմությունը։ Նման տեսակետ նա հայտնեց սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։«Եթե երկխոսությունն ստացվի, շատ լավ։ Միաժամանակ, մենք լուրջ զանգվածներ ունենք, որոնք չեն էլ ուզում, որ այն ստացվի։ Եթե խռոված ենք, եթե կա կոմպլեքս, օդում կախված է մնում մի հարց։ Մենք գրավոր, պաշտոնական բոլոր միջոցներով ասել ենք, որ պահանջում ենք արտահերթ ընտրություններ։ Այսինքն, օրակարգային հարցն իշխանության սեղանին է։ Իրենց պատասխանը, սակայն, մենք դեռ չենք ստացել։ Թող իրենք ասեն, որ ՀԱԿ-ի՝ արտահերթ ընտրությունների մասին առաջարկն անընդունելի է, այսինքն, մեր «պատասխանը Չեմբեռլենին», սա պատասխան կլինի»,- ասաց Մանուկյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ իշխանության՝ արտահերթ ընտրությունների հիմնավորումները մերժող 130 էջանոց փաստաթուղթն իրենք չեն ընդունում, քանի որ այն տպված եւ հանձնված չէ իրենց, բացի այդ, փաստաթղթի վերջին, ամփոփիչ 30 էջերն անգամ չեն ընթերցվել, այն դեպքում, երբ ՀԱԿ-ի 85 էջանոց փաստաթուղթը տեղադրված եւ հասանելի է ինտերնետում։
Ըննդիմության ներկայացուցիչը հիշեցրեց, որ արտահերթ ընտրությունների անցկացմանը պաշտոնական «այո» կամ «ոչ» ասելու համար ՀԱԿ-ն իշխանություններին ժամանակ է տվել մինչեւ սեպտեմբերի վերջը։ «Եթե կա ինչ-որ բան սկսելու կամք, իրենք կարող են ասել՝ մենք պատրաստ ենք քննարկելու ձեր օրակարգը եւ շարունակել երկխոսությունը, կամ, մենք չենք ընդունում ձեր առաջարկները եւ հայտարարում ենք, որ Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման կարիք չկա։ Եվ երրորդ տարբերակ, քանի որ մենք պայմանավորվել ենք, որ «այո»-ի ու «ոչ»-ի ժամանակը մինչեւ սեպտեմբերի վերջն է, մինչեւ սեպտեմբերի 30-ին չարտասանած նրանց «ոչ»-ը մենք կդիտարկենք որպես ոչ»,- նկատեց Արամ Մանուկյանը։
Ամփոփելով՝ ՀՀՇ-ական գործիչն ընդգծեց, որ իշխանությունը սխալվում է, եթե կարծում է, որ երկխոսության այսպիսի զարգացմամբ ընդդիմությանը ծուղակ է գցել։ «Դեռ կտեսնենք, թե ով է ծուղակում հայտնվել»,- ասաց նա՝ հավելելով, որ իշխանափոխության եւ արտահերթ ընտրությունների պահը վաղուց է հասունացել, եւ դա ժողովրդի ցանկությունն է։ Հիշեցնենք, որ ընդդիմությունն առկախել է երկխոսության գործընթացը եւ հայտարարել, որ այն կվերսկսվի միայն ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելուց հետո։ՀԱԿ-ի ներկայացրած արտահերթ ընտրությունների անցկացման հիմնավորումներով 85 էջանոց փաստաթղթին ի պատասխանը` իշխանությունը 130-էջանոց իր փաստաթուղթն էր ներկայացրել, ուր հիմնավորել էր դրանց անցկացման անպատեհությունը:



























