Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը Ստրասբուրգում ելույթ է ունեցել «Եվրանեսթի» նստաշրջանի բացման ժամանակ եւ նշել, որ «Արեւելյան գործընկերության» հիմնական նպատակները պետք է լինեն տնտեսական համագործակցությունը, ժողովրդավարության զարգացումը եւ վիզային ռեժիմի ազատականացումը:

«Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի հետ կապված խնդիրները հիմա, ինչպես ասում են, «մոդայի մեջ են», սակայն կարող եմ ասել, որ արեւելյան հարեւանների խնդիրները նույնպես միշտ կարեւոր կլինեն ԵՄ-ի համար»,- ասել է նա:

Եժի Բուզեկն ընդգծել է «Արեւելյան գործընկերության» երկրների համար Եվրոպայի շուկաները բացելու կարեւորությունը: Միաժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այդ երկրներում ժողովրդավարական բարեփոխումների վրա:

«Արեւելյան գործընկերության» երրորդ առաջնահերթությունն, ըստ Բուզեկի, վիզային ռեժիմի ազատականացումն է, քաղաքացիների առաջ սահմանները բացելը: «Մարդիկ պետք է ինտեգրվեն, ոչ թե կառավարությունները, ուստի վիզային ռեժիմի ազատականացումը շատ կարեւոր է մեզ համար»,- ասել է նա, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը:

Հիշեցնենք, որ այսօր, Ստրասբուրգում իր աշխատանքն է սկսել «Եվրանեսթի» առաջին նստաշրջանը, որին մասնակցում են Եվրախորհրդարանի, ինչպես նաեւ «Արեւելյան գործընկերության» անդամ 5 երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա) խորհրդարանների պատգամավորները: Բելառուսի խորհրդարանի պատգամավորները դեռ չեն մասնակցում «Եվարնեսթի» աշխատանքներին` քաղաքական դրդապատճառներով:

«Եվրանեսթի» լիագումար նիստում հայկական պատվիրակությունը ներկայացնում են Վահան Հովհաննիսյանը (պատվիրակության ղեկավար, ՀՅԴ), Արտակ Զաքարյանը (ՀՀԿ), Հովհաննես Սահակյան (ՀՀԿ), Ալեքսանդր Սարգսյան (ՀՀԿ), Ստյոպա Սաֆարյան («Ժառանգություն»), Խաչիկ Հարությունյան (ՕԵԿ), Նաիրա Զոհրաբյան (ԲՀԿ) եւ Վահե Էնֆիաջյան (ԲՀԿ):