«Այժմ Ուկրաինան շատ դժվար փուլում է գտնվում, որը Վրաստանն արդեն հաղթահարել է եւ իմ կարծիքով, դուք պետք է ազատվեք կախվածությունից: Էներգետիկ պաշարների մեկ մատակարար ունենալը` դա մահ է: Այդ գործոնը հեշտությամբ օգտագործվում է շանտաժի համար»,-հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կիեւյան «Սեգոդնյա» թերթին տված հարցազրույցում:

Վրաստանի նախագահը խորհուրդ է տալիս Ուկրաինային հրաժարվել ռուսական գազից ունեցած կախվածությունից:

«Երբ Ռուսաստանը փակեց շուկան մեր առաջ, իմ շրջապատում շատերը կարծում էին, որ մենք մեռել ենք: Հիմա Ռուսաստանն ինքն է ասում` վերադարձեք մեր շուկա: Բայց Վրաստանում ոչ-ոք դրանից առանձնապես չի ոգեւորվում: Հիմա մենք գազի մի մասն ստանում ենք ՌԴ-ից, բայց ունենք նաեւ այլ մատակարար, ինչպես նաեւ պահուստային մատակարարներ: Ռուսաստանն էլ դասեր քաղեց: Չնայած ռազմական ֆոնին` մեր հարաբերությունները դարձել են ավելի գործնական եւ կարգավորված:

Նույն իրադրությունն է նաեւ էլեկտրականության կապակցությամբ: Մեզ մոտ Ռուսաստանի միացյալ էներգետիկ համակարգը վերահսկում է մի շարք էլեկտրաընկերություններ, իսկ «Իտերան»` գազամատակարարման ցանցեր: Քանի որ այդ համակարգերը մենք ինքներս չենք կարող շահագործել: Այդ առումով մենք կախված ենք ՌԴ-ից: Եւ դա եւս կախված է մեզնից: Պատերազմի ժամանակ մենք չենք դադարել էլեկտրաէներգիա մատակարարել ՌԴ-ին: Այդ բաները պետք է տարբերակել»,-պատմել է նա: