Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 15-ին, կառավարության նիստից հետո, լրագրողների խնդրանքով, անդրադարձել է ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ձերբակալության հանգամանքներին: Ա. Սարգսյանի խոսքով` Տ. Առաքելյանը «սովորական» հանցագործություն է կատարել, որի համար պետք է պատասխան տա, եւ որը քաղաքական մոտիվ չունի:
Ոստիկանապետը հետեւյալ կերպ է ներկայացրել օգոստոսի 9-ին Երեւանի Կարապի լճի մերձակայքում տեղի ունեցած դեպքը, որից հետո ՀԱԿ-ի մի քանի ակտիվիստներ, այդ թվում` Տ. Առաքելյանը, բերման են ենթարկվել. «Երբ ոստիկաններն ու մի քանի երիտասարդներ հավաքված են եղել, մոտեցել, խնդրել ա, որ մոտ թողնեն: Մարդ ա, խնդրել է, սա էլ ջահել տղա ա, թողել ա, ինչ վատ բան ա արել: Սա նշանակում է, թե պետք է խփեր քիթը կոտրե՞ր.. Երբ որ 30-40 մարդ լցվել էին, խանգարում էին տանելուց, չէին թողել, ոստիկաններիս պատառոտել են, շորերն են ճղել, ճանկռել են: 7 հոգի են բերման ենթարկել ցավոք սրտի, որովհետեւ այդ պահին 30-ին բերման ենթարկել հնարավոր չէր»:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե ստացվում է` ՀԱԿ-ի ակտիվիստներն են սադրանք կազմակերպել, ոստիկանապետը նյարդայնացած պատասխանեց, որ այո` պլանավորված սադրանք էր: «Իրենք մոտեցել են ոստիկաններին այդ սադրանքը ստեղծել են, հետո իրենց համակիրները 20 հոգին հավաքված են եղել մի տեղ, լցվել են էդ տեսարանին մասնակցելու»,- ասաց Ա. Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Տ. Առաքելյանը եւ ՀԱԿ-ի եւս 6 ակտիվիստներ ոստիկանություն բերման է ենթարկվել այս տարվա օգոստոսի 9-ին` Երեւանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով: Այնուհետ ակտիվիստներից 6-ին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է միայն Տ. Առաքելյանը: Նրան եւ Արտակ Կարապետյանին մեղադրում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, իսկ Սարգիս, Արեգ, Վահագն Գեւորգյաններին, Սահակ Մուրադյանին եւ Դավիթ Քիրամիջյանին` խուլիգանության մեջ:




























