Միշտ չէ, որ լուրջ հարցերը լուծվում են համազգային ուժերով. իշխանափոխությունների կամ պատերազմների ժամանակ լինում է մի զանգված, որը ճակատագիր է որոշում, իսկ այն զանգվածը, որը պատրաստ է Հայաստանում ակտիվ գործընթացների, բավարար է՝ թիվ մեկ քաղաքական խնդիրը լուծելու համար։ Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը։
«Սա շատ լավ գիտի նաեւ իշխանությունը։ Ամբողջ հարցը հանրահավաքներից առաջ ճանապարհները փակելը, մեր ակտիվիստներին մշակելն ու համոզելն է։ Իշխանությունը լավ գիտի, որ եթե մարդկանց ազատ թողնեն, մեկ-երկու օրում Ազատության հրապարակը կունենա այն տեսքը, ինչ ուներ փետրվարի 19-ից հետո։ Երբ անցնենք համարձակ, ակտիվ քայլերի, կունենանք մեզ հավատարիմ մարդկանց ռեզերվը կրկնապատկելու, եռապատկելու հնարավորություն»,- ասաց Մանուկյանը՝ նկատելով, որ իր ասածի հիմքը հետեւյալն է. ոչ թե այդ մարդկանց քանակն է որոշիչ, այլ այն ֆոնը, համոզմունքը որ պետք է իշխանափոխություն լինի։
ՀՀՇ-ական գործիչը նաեւ հավելեց, որ Հայ ազգային կոնգրեսի՝ 500 հազար մարդ հավաքելու մասին հայտարարությունը պետք է ընդունել որպես խորհրդանշական թվի մասին հայտարարություն:Հիշեցնենք, որ ՀԱԿ վերջին հանրահավաքի ժամանակ ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Հեղափոխությունը Հայաստանում կենսական անհրաժեշտություն է, կոչ եմ անում պատրաստվել սահմանադրական հեղափոխության»՝առաջարկելով իշխանափոխության իրենց բանաձեւը՝ հինգ հարյուր հազար մարդ հրապարակում եւ քսանչորս ժամ վարչախմբին հեռանալու համար:



























