Փորձագետները կարծում են, որ Մոսկվայի Մանեժնայա հրապարակում անցած տարի դեկտեմբերյան անկարգությունների ժամանակ հնչած «Ռուսներ, առաջ» կարգախոսում ազգամիջյան ատելության հրահրման նախանշաններ չկան։ Դատախազը, սեպտեմբերի 15-ին, հրապարակել է անկարգությունների գործով անցնող Ռուսլան Խուբաեւի ելույթի լեզվաբանական փորձաքննության արդյունքները, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Մանեժնայա հրապարակում իրադարձությունների գործով սեպտեմբերին դատ էր սկսվել «Այլ Ռուսաստան» շարժման հինգ ակտիվիստների նկատմամբ։

Անցած տարվա դեկտեմբերի 11-ին շուրջ հինգ հազար մարդիկ Մանեժնայա հրապարակում ջարդ էին կազմակերպել։ Պատճառ էր հանդիսացել «Սպարտակի» երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանությունը։ Այժմ դրա համար դատում են մի քանի հյուսիսկովկացու։ Մանեժնայա հրապարակում վանկարկում էին ոչ միայն «Ռուսներ, առաջ», այլ նաեւ ուրիշ կարգախոսներ, այդ թվում՝ գրաքննությունից դուրս, հայտնում է «Գազետա.ռու»-ն։

Անցած տարի մեծ սկանդալ էր բարձրացել, երբ փորձագետները «Ռուսաստանը ռուսների համար» եւ կովկասցիներին վիրավորող այլ կարգախոսներում ազգամիջյան ատելություն սերմանող նախանշաններ չէին հայտնաբերել։