Հայկական հետախուզության նախկին աշխատակից Հայկ Մելիքսեթյանը հարցազրույց է տվել The Daily Mail թերթին, որի ժամանակ հայտնել է այն հետաքննությունների մասին, որոնք կարող էին կանխել սեպտեմբերի 11-ի ողբերգությունը:

Մելիքսեթյանը լիբիացի հայ է եւ առաջին անգամ պատմել է հետաքննությունների մասին, որոնց նա անձամբ է մասնակցել, սակայն ամերիկյան հետախուզությունը նրա աշխատանքի արդյունքները պիտանի չի համարել: Մերձավոր Արեւելքում իրականացրած իր աշխատանքների ընթացքում Մելիքսեթյանը հայտնաբերել է «հավալ»-ի գաղտնի մեթոդը, որից օգտվել են ահաբեկիչները Ալ-Քաիդայի փողերը իրենց հաշվեհամարին փոխանցելու համար: Նա օպերացիա է իրականացրել ԱՄԷ-ում, որտեղ գտել է այն ընկերության գրասենյակը, որը զբաղվում է փողերի փոխանակմամբ, որոնց միջոցով էլ իրականացվում էին բոլոր գործարքները: ԱՄԷ-ում անցկացված հետազոտություններից հետո Մելիքսեթյանը զեկույց է գրել, որը հետախուզությունը համարել է երկրորդական, իսկ փաստաթուղթն այդպես էլ չի փոխանցվել Վաշինգթոնին:

Հետախույզի խոսքով, սեպտեմբերի 11-ի ողբերգությունից հետո պարզվել է, որ ահաբեկիչները ոչ միայն օգտագործել են «հավալ»-ի մեթոդը, այլ նաեւ փողեր են փոխանցել Շարժա քաղաքի գրասենյակից, որին հետեւել է Մելիքսեթյանը:

«Ես հայրենասեր եմ եւ հավատում եմ ազգի մեծությանը: Բայց կան նաեւ ինքնակոչներ, ովքեր չեն կարողացել կանխել սեպտեմբերի 11-ի ողբերգությունը, եւ այնպիսիք, ովքեր օգտվել են դրանից եւ ոչնչացրել անմեղ մարդկանց կյանքը: Մինչ օրս ոչ ոք չի կանգնեցնում նրանց»,-հայտարարել է նա` թերթին տված հարցազրույցում:

2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը կարճ անվանում են 9/11: Պաշտոնական վարկածով, այդ օրն առավոտյան 19 ահաբեկիչներ, որոնք կապ են ունեցել «Ալ-Քաիդա» խմբավորման հետ,  բաժանվելով 4 խմբի գրավել էին 4 ուղեւորատար օդանավեր: Ամեն խումբ ունեցել է առնվազն մեկ հոգի, ով նախնական օդաչուական դպրոց է անցել:

Ահաբեկիչներն ինքնաթիռներից երկուսն ուղղել են դեպի Նյու Յորքի Համաշխարհային առեւտրի կենտրոնի երկու երկնաքերները, որի հետեւանքով երկու երկնաքերներն են փուլ են եկել: Երրորդ օդանավն ուղղություն է վերցրել դեպի Պենտագոնի շենք: Չորրորդ օդանավի ուղեւորներն ու անձնակազմը փորձել են խլել օդանավն ահաբեկիչներից, որի հետեւանքով այն վայր է ընկել Փենսիլվանիայի Շենքսվիլ քաղաքի մոտակայքում:

Բացի 19 ահաբեկիչներից, զոհվել է 2974 մարդ, եւս 24-ն անհետ կորել են: Պաշտոնական վարկածով, տեղի ունեցածի պատասխանատուն «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումն է: