Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից ընտրված պատգամավոր, Ուրալում կուսակցության ներկայացուցիչ Վլադիմիր Տասկաեւը հայտարարել է, թե Սվերդլովսկի մարզում բախումը տեղի է ունեցել պաշտոնատար անձանց մեղքով, քանի որ «նրանք չափից դուրս շատ են աջակցում հայկական համայնքին»: Նրա խոսքով, Հայաստանից ժամանածները ապօրինաբար սեփականաշնորհել են տեղական ունեցվածքը: «Իհարկե, երկու կողմերն էլ` հայերն էլ, կազակներն էլ ապօրինի են գործել: Բայց խնդիրը ծագել է ոչ իրենց մեղքով, այլ պաշտոնյաների անգործության: Նրանք պարտավոր են գերակայությունը տալ ռուսներին, իսկ ժամանածները պետք է իրենց հյուր զգան»,- հայտարարել է Տասկաեւը:

Նշենք, որ ըստ «Կոմերսանտ» թերթի տվյալների, ոստիկանական հատուկ ուժերի կողմից ՌԴ Սվերդլովսկի Արտեմովսկ քաղաքում կանխված ծեծկռտուքը եղել է տեղական երկու սլավոնական խմբավորումների հավաք, նրանք հավաքվել էին, որ միավորեն ուժերը քաղաքում ամենաուժեղ հայկական հանցախմբի դեմ: Ոստիկանները մոտ 100 մարդ են ձերբակալել:

Ըստ «Կոմերսանտի» կանխվել է «լեսնիխների» եւ «մակաշների» հանդիպումը: Նախնական տվյալներով, չնայած նախկինում ունեցած տարաձայնություններին, սլավոնները որոշել են միավորել ջանքերը հայերի դեմ, ովքեր այժմ վերահսկում են բիզնեսի ամենաեկամտաբեր ոլորտները: Ի դեպ, չի բացառվում, որ ուժայիններին հավաքի մասին հայտնել են հենց հայերը: